ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԵՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՎԱԳ 30
ԴՊՐՈՑՆԵՐ
02-04-2008 19:00:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հանրակրթության ոլորտում
ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի
շրջանակներում իրականացվող բարեփոխումների արդի փուլը հիմնականում
ուղղված է կրթության բովանդակային կատարելագործմանը: Ինչպես ապրիլի
2-ի ասուլիում նշել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության
Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ավագ
դպրոցների համակարգի ձեւավորումը կնպաստի ոլորտում առկա
հիմնախնդիրների լուծմանը եւ կրթության որակի բարձրացմանը:
Ըստ Ն.Հովհաննիսյանի, արդեն ընտրվել են այն 30 դպրոցները,
որոնք սեպտեմբերի 1-ից կգործեն փորձնական ավագ դպրոցներ: Մինչեւ
սեպտեմբեր կավարտվեն տվյալ դպրոցների վերանորոգման, կահավորման եւ
համապատասխան նյութատեխնիկական բազայի համալրման աշխատանքները:
Ն.Հովհաննիսյանը կարեւորել է նաեւ փորձնական ավագ դպրոցների
մանկավարժական կադրերի վերապատրաստման խնդիրը, որը կկազմակերպվի
հունիս-օգոստոս ամիսներին:
Փորձնական փուլում կգործեն նաեւ երկու արհեստագործական ավագ
դպրոց Երեւանում եւ Գյումրիում: