ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՓԻԼՈԲՈԼՈՒՍ» ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ<br /> ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՓԻԼՈԲՈԼՈՒՍ» ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ
ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

  • 26-09-2008 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ «Հայկական ջազ - 70»-ի շրջանակում սեպտեմբերի 27-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում միայն մեկ պարային ծրագրով հանդես կգա ամերիկյան ժամանակակից պարային խմբերից մեկը` «Փիլոբոլուսը»: Ոչ պրոֆեսիոնալ պարողներից կազմված «Փիլոբոլուս» պարախումբը, 1971 թվականից հանդես գալով աշխարհի շատ հայտնի բեմերում, արդեն ձեռք է բերել իր հավատարիմ հանդիսատեսն ու երկրպագուների հզոր բանակը: «Փիլոբոլուսի» շատ պարային համարներ ընդգրկված են հայտնի համույթների համերգային ծրագրերում: Ինչպես սեպտեմբերի 26-ին մամլո ասուլիսում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության մշակութային կցորդ Սյուզան Բրայդենսթայնը, պարային այս խումբը արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվում` նաեւ «Էմմի» հեռուստատեսային փրայմթայմ մրցանակին: Դեսպանության մշակութային կցորդը համոզմունք հայտնեց, որ «Հայկական ջազ - 70»-ի շրջանակում իրականացվող այս համագործակցությունը տրամաբանական շարունակությունն է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող երկկողմ հարաբերությունների. «մշակութային հարաբերությունները մեծապես նպաստում են դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը»: 37 տարի առաջ Նյու Հեմփշիրի ֆիզկուլտուրայի համալսարանի երիտասարդների հիմնած այս պարային խումբը մինչ օրս էլ աշխատում եւ ստեղծագործում է ըստ ազատ կամքի` այն է ազատ շարժումներ եւ իմպրովիզացիա: Խմբի անդամների խոսքերով, իրենք տուրք չեն տալիս դասական պարի կանոններին եւ հավատարիմ են ազատ ստեղծագործելու մոտեցմանը: «Մեր աշխատանքի դրսեւորման հիմանական ձեւը ազատ շարժումն է, եւ եթե այն պլաստիկ եւ գեղեցիկ է, ուրեմն գործը ստացվել է»,- ասացին «Փիլոբոլուսի» ներկայացուցիչները: «Փիլոբոլուսի» անդամները երեկ են ժամանել Երեւան եւ արդեն հասցրել են լինել Հաղպատի վանքում, նախատեսում են այցելել նաեւ Գառնի եւ Գեղարդ: Խմբի անդամները ցանկություն հայտնեցին ավելի երկար ժամանակով գալ Հայաստան, որպեսզի հնարավորություն ունենան ավելի մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին: Իսկ այս մեկ օրվա դիտարկումներով արդեն նկատել են, որ հայ կանայք չափազանց գեղեցիկ են եւ նուրբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play