ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՓԻԼՈԲՈԼՈՒՍ» ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ
ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ
26-09-2008 17:30:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ԱՄՆ
դեսպանատան նախաձեռնությամբ «Հայկական ջազ - 70»-ի շրջանակում
սեպտեմբերի 27-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային
ակադեմիական թատրոնում միայն մեկ պարային ծրագրով հանդես կգա
ամերիկյան ժամանակակից պարային խմբերից մեկը` «Փիլոբոլուսը»: Ոչ
պրոֆեսիոնալ պարողներից կազմված «Փիլոբոլուս» պարախումբը, 1971
թվականից հանդես գալով աշխարհի շատ հայտնի բեմերում, արդեն ձեռք է
բերել իր հավատարիմ հանդիսատեսն ու երկրպագուների հզոր բանակը:
«Փիլոբոլուսի» շատ պարային համարներ ընդգրկված են հայտնի
համույթների համերգային ծրագրերում:
Ինչպես սեպտեմբերի 26-ին մամլո ասուլիսում նշեց Հայաստանում
ԱՄՆ դեսպանության մշակութային կցորդ Սյուզան Բրայդենսթայնը,
պարային այս խումբը արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների,
այդ թվում` նաեւ «Էմմի» հեռուստատեսային փրայմթայմ մրցանակին:
Դեսպանության մշակութային կցորդը համոզմունք հայտնեց, որ «Հայկական
ջազ - 70»-ի շրջանակում իրականացվող այս համագործակցությունը
տրամաբանական շարունակությունն է երկու երկրների միջեւ գոյություն
ունեցող երկկողմ հարաբերությունների. «մշակութային
հարաբերությունները մեծապես նպաստում են դիվանագիտական
հարաբերությունների զարգացմանը»:
37 տարի առաջ Նյու Հեմփշիրի ֆիզկուլտուրայի համալսարանի
երիտասարդների հիմնած այս պարային խումբը մինչ օրս էլ աշխատում եւ
ստեղծագործում է ըստ ազատ կամքի` այն է ազատ շարժումներ եւ
իմպրովիզացիա: Խմբի անդամների խոսքերով, իրենք տուրք չեն տալիս
դասական պարի կանոններին եւ հավատարիմ են ազատ ստեղծագործելու
մոտեցմանը: «Մեր աշխատանքի դրսեւորման հիմանական ձեւը ազատ
շարժումն է, եւ եթե այն պլաստիկ եւ գեղեցիկ է, ուրեմն գործը
ստացվել է»,- ասացին «Փիլոբոլուսի» ներկայացուցիչները:
«Փիլոբոլուսի» անդամները երեկ են ժամանել Երեւան եւ արդեն
հասցրել են լինել Հաղպատի վանքում, նախատեսում են այցելել նաեւ
Գառնի եւ Գեղարդ: Խմբի անդամները ցանկություն հայտնեցին ավելի
երկար ժամանակով գալ Հայաստան, որպեսզի հնարավորություն ունենան
ավելի մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին: Իսկ այս մեկ օրվա
դիտարկումներով արդեն նկատել են, որ հայ կանայք չափազանց գեղեցիկ
են եւ նուրբ: