ԵՐԵՒԱՆՈՒՄ Է ԳՏՆՒՈՒՄ ԱՄԵՐԻԿԵԱՆ «ՓԻԼՈԲՈԼՈՒՍ» ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ<br /> ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ Է ԳՏՆՒՈՒՄ ԱՄԵՐԻԿԵԱՆ «ՓԻԼՈԲՈԼՈՒՍ» ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ
ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ

  • 26-09-2008 17:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնութեամբ «Հայկական ջազ - 70»-ի շրջանակում սեպտեմբերի 27-ին Ալ.Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում միայն մէկ պարային ծրագրով հանդէս կգայ ամերիկեան ժամանակակից պարային խմբերից մէկը` «Փիլոբոլուսը»: Ոչ պրոֆեսիոնալ պարողներից կազմուած «Փիլոբոլուս» պարախումբը, 1971 թուականից հանդէս գալով աշխարհի շատ յայտնի բեմերում, արդէն ձեռք է բերել իր հաւատարիմ հանդիսատեսն ու երկրպագուների հզօր բանակը: «Փիլոբոլուսի» շատ պարային համարներ ընդգրկուած են յայտնի համոյթների համերգային ծրագրերում: Ինչպէս սեպտեմբերի 26-ին մամլոյ ասուլիսում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպանութեան մշակոյթային կցորդ Սիւզան Բրայդենսթայնը, պարային այս խումբը արժանացել է բազմաթիւ միջազգային մրցանակների, այդ թւում` նաեւ «Էմմի» հեռուստատեսային փրայմթայմ մրցանակին: Դեսպանութեան մշակոյթային կցորդը համոզմունք յայտնեց, որ «Հայկական ջազ - 70»-ի շրջանակում իրականացyող այս համագործակցութիւնը տրամաբանական շարունակութիւնն է երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող երկկողմ յարաբերութիւնների. «մշակոյթային յարաբերութիւնները մեծապէս նպաստում են դիւանագիտական յարաբերութիւնների զարգացմանը»: 37 տարի առաջ Նյու Հեմփշիրի ֆիզկուլտուրայի համալսարանի երիտասարդների հիմնած այս պարային խումբը մինչ օրս էլ աշխատում եւ ստեղծագործում է ըստ ազատ կամքի` այն է ազատ շարժումներ եւ իմպրովիզացիա: Խմբի անդամների խօսքերով, իրենք տուրք չեն տալիս դասական պարի կանոններին եւ հաւատարիմ են ազատ ստեղծագործելու մօտեցմանը: «Մեր աշխատանքի դրսեւորման հիմանական ձեւը ազատ շարժումն է, եւ եթէ այն պլաստիկ եւ գեղեցիկ է, ուրեմն գործը ստացուել է»,- ասացին «Փիլոբոլուսի» ներկայացուցիչները: «Փիլոբոլուսի» անդամները երէկ են ժամանել Երեւան եւ արդէն հասցրել են լինել Հաղպատի վանքում, նախատեսում են այցելել նաեւ Գառնի եւ Գեղարդ: Խմբի անդամները ցանկութիւն յայտնեցին աւելի երկար ժամանակով գալ Հայաստան, որպէսզի հնարաւորութիւն ունենան աւելի մօտիկից ծանօթանալու հայկական մշակոյթին: Իսկ այս մէկ օրուայ դիտարկումներով արդէն նկատել են, որ հայ կանայք չափազանց գեղեցիկ են եւ նուրբ:
  -   Մշակոյթ