«ՀԱՅՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 45
ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐ 30 ԵՐԿՐՆԵՐԻՑ
25-09-2008 16:30:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի 30 երկրի 45
թատերախմբերը հոկտեմբերի 4-12-ը Երեւանում կայանալիք «ՀայՖեստ»
միջազգային 6-րդ միջազգային թատերական փառատոնի օրերին
մայրաքաղաքի 17 բեմահարթակներում հանդես կգան 100
ներկայացումներով: Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից,
Կանադայից, Գերմանիայից, Ավստրաիայից, Իտալիայից, Իսպանիայից,
Իսրայելից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից Երեւան ժամանած թատերական
խմբերը հայ հանդիսատեսին կներկայացնեն բազմաժանար` մնջախաղի,
դրամատիկական, տիկնիկային, խամաճիկների, ինչպես նաեւ ժամանակակից
պարի թատրոնների լավագույն ներկայացումներ:
Ինչպես սեպտեմբերի 25-ի ասուլիսում հայտնեց փառատոնի նախագահ
Արթուր Ղուկասյանը, փառատոնին ներկա կգտնվեն հանրաճանաչ
արվեստագետներ, միջազգային փառատոնների նախագահներ, թատերագետներ,
որոնք տեղում կանցկացնեն սեմինարներ եւ «կլոր սեղաններ»` նվիրված
Հայաստանում մշակութային քաղաքականությանը եւ արտմենեջմենթին:
«ՀայՖեստ»-ի շրջանակներում, այս տարի առաջին անգամ կանցկացվի
ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված
փառատոն, որի ընթացքում կցուցադրվեն ներկայացումներ մեծ գրողի
ստեղծագործությունների մոտիվներով. 9 հայկական եւ 7 արտասահմանյան
թատերախմբեր կներակայացնեն իրենց ներկայացումները: Կկազմակերպվի
նաեւ Տիկնիկային եւ մանկական թատրոնների փառատոն:
Փառատոնին այս տարի կմասնակցի համաշխարհային ճանաչում
ունեցող դրամատուրգ Մարկ Ռավենհիլը (Միացյալ թագավորություն), ով
այդ օրերին հայ դերասանների հետ համատեղ կբեմադրի իր «Կորուսյալ
դրախտ» պիեսը:
Փառատոնի ղեկավարը նշեց նաեւ, որ այս տարի ՀՀ մշակույթի
նախարարությունը փառատոնի կազմակերպման համար հատկացրել է 35 մլն
դրամ: Տարածաշջանում տեղի ունեցող հակամարտությունների հետեւանքով
եվրոպական 4-5 թատերախմբեր, մասնավորապես, Լատվիայից, Լիտվայից,
Շվեդիայից, հրաժարվել են մասնակցել փառատոնին: Ինչպես նշեց
Ա.Ղույկասյանը, մերժման նամակներում չի մատնանշվում, որ պատճառը
քաղաքական է, սակայն «կուլուարներում խոսվում է, որ Հայաստանը
Ռուսաստանի գործընկերն է»: