Հայտնի գերմանացի սոպրանո Աննա Սամուիլը Երեւանում կմասնակցի Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին


Հայտնի գերմանացի սոպրանո Աննա Սամուիլը Երեւանում կմասնակցի Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին

  • 27-06-2011 14:38:19   | Հայաստան  |  Մշակույթ
Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպում է դասական համերգ գերմանացի հայտնի սոպրանո Աննա Սամուիլի մասնակցությամբ: Համերգը տեղի է ունենալու հունիս 28-ին Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում: Վերջին տարներին ձեւավորված ավանդույթի համաձայն, պատվիրակությունը` Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին, կազմակերպում է Եվրոպայի օրվան նվիրված դասական համերգներ: Այս տարի ԵՄ պատվիրակությունը արդեն սկսել է Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները բացօթյա հանրային միջոցառմամբ, որը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 21-ին Սիրահարների այգում: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների եւ տոնակատարությունների առիթ է հանդիսանում` մոտեցնելով Եվրոպան ինչպես իր, այնպես էլ հարեւան պետությունների քաղաքացիների համար: 1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների եւ զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, զինանշանի, նշանաբանի եւ միասնական արժույթի (եվրո) հետ միասին, արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը: Աննա Սամուիլը հայտնի սոպրանո է, ով Բեռլինի Deutsche Staatsoper–ի առաջատար երգչուհին է: Նա այս համերգաշրջանում կատարելու է «Չղջիկ», «Սիրո ըմպելիք», «Այսպես են վարվում բոլորը», «Տրավիատա» օպերաների գլխավոր դերերգերը, ինչպես նաեւ մասնակցելու է Նոր տարվա ամենամյա համերգին եւ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի կատարմանը` Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ: Երգչուհին մասնակցել է համաշխարհային հայտնի փառատոնների եւ ելույթներ ունեցել այնպիսի հռչակավոր թատրոններում, ինչպիսիք են Metropolitan Opera (Նյու Յորք) New York, Teatro Alla Scala (Միլան), Salzburg Festival, Bunka Kaikan (Տոկիո), Bayerische Staatsoper (Մյունխեն), Royal Opera House Covent Garden (Լոնդոն):
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play