ԸՍՏ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ<br /> ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌՈՂ 81 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է<br />


ԸՍՏ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌՈՂ 81 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

  • 27-06-2008 17:08:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոմիությունը ամեն տարի 11-12 մլն եվրո գումար է հատկացնում աշխարհում խոշտանգումների կանխարգելման եւ խոշտանգումներից տուժածներին աջակցելու նպատակով: Ցանկացած տեսակի խոշտանգումները, ինչպես նաեւ մարդու նկատմամբ նվաստացնող վերաբերմունքը բացառելուն ուղղված պայքարը Եվրոմիության առաջնահերթություններից մեկն է: Այս մասին Խոշտանգման զոհերի միջազգային աջակցման օրվան նվիրված հունիսի 27-ի ասուլիսում նշեց Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Ըստ նրա, խոշտանգումների դեմ պայքարը իրականացվում է իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ներկայացուցիչների ուսուցման եւ վերապատրաստման ծրագրեր իրականացնելու, հանրությանը իրազեկելու, խոշտանգումներից տուժածներին աջակցություն ցույց տալու միջոցով: Եվրոմիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի, ՀՀ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆն իր հերթին նշեց, որ խոշտանգումների դեմ պայքարը իրականացվում է միջազգային մի շարք համաձայնագրերի, միջազգային կազմակերպությունների կամ տարածաշրջանային ծրագրերի շրջանակում: Այսօրվա դրությամբ, ըստ «Միջազգային համաներում» կազմակերպության տվյալների, աշխարհում կա 81 երկիր, որտեղ խոշտանգումները կիրառվում են: Դրանց թվում է նաեւ Հայաստանը: «Մենք կողջունեինք, եթե Հայաստանը վավերացներ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որը եւս լրացուցիչ գործիք է խոշտանգումների դեմ պայքարելու համար»,- ասաց Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: «Հայոց ցեղասպանությունը զանգվածային խոշտանգու՞մ է» հարցին ի պատասխան նա նշեց. «Դրանք ողբերգական իրադարձություններ են եւ մեծամասամբ` արդեն անցյալում, եւ սա այն տեղը չէ, որ մենք պետք է դա քննարկենք»: Ֆրանսիայի դեսպանատան անմիջական հարեւանությամբ մարտի 1-ի ոստիկանական գործողություններում կա՞ն արդյոք խաղաղ ցուցարարների հանդեպ խոշտանգումների տարրեր հարցին ի պատասխան Ֆրանսիայի դեսպանը ասաց. «Բռնարարքները, բռնության, ուժի գործադրումները, որոնք տեղի են ունեցել այդ ընթացքում եւ դրանից հետո, դրանք այն տարատեսակի գործողությունները չեն, որոնք կարող են դասվել խոշտանգումների շարքին: Անշուշտ, այդ ամենը ցավալի է, կարելի է զղջալ կատարվածի համար, բայց դա խոշտանգում չէ»,- ասաց Սերժ Սմեսոֆը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play