Կնեսետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկել է եւս մեկ օրինագիծ
01-07-2011 09:06:32 | Իսրայել | Քաղաքական
Իսրայելի Կնեսետը եւս մեկ օրինագիծ է քննարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Asbarez» թերթը՝ վկայակոչելով Հայ դատի Երուսաղեմի գրասենյակի ղեկավար Հակոբ Սեւանին, Կնեսետի որոշմամբ, Իսրայելի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին օրինագիծը քննարկվելու է կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովում, որն էլ տալու է իր եզրակացությունը:
Հունիսի 29-ին անցկացված քննարկման ժամանակ պատգամավոր Արյե Էլդադը ներկայացրել է փաստաթուղթը, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության հարցի ընդգրկումը Իսրայելի կրթական ու ուսումնական ծրագրերում:
Որոշմանը դեմ է քվեարկել Կնեսետի՝ ադրբեջանական ծագմամբ միայն մեկ պատգամավոր:
Կառավարության ներկայացուցիչ Ուզի Լանդաուն նկատել է, որ թեեւ Թել-Ավիվը կարծում է, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է միասնաբար լուծեն խնդիրը, կառավարությունը չի առարկում հարցը Կնեսետում քննարկելուն:
Սա երկրորդ օրինագիծն է Ցեղասպանության մասին, որ քննարկման է դրվում Կնեսետում: