ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԵՐԿՐԻ
ԲՆԻԿ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ
13-02-2008 16:45:00 | Ավստրալիա | Միջազգային
ՍԻԴՆԵՅ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրալիայի վարչապետ
Քեւին Ռադդը ներողամտություն է հայցել երկրի բնիկ բնակչությունից
«մեծագույն աղետների եւ վիրավորանքների» համար, որ պատճառվել է
անցած տարիների քաղաքականության ընթացքում: Այս հայտարարությամբ նա
հանդես է եկել խորհրդարանի նիստում:
Տեղի աբորիգեններին, որպես «այսօր գոյություն ունեցող
քաղաքակրթություններից ամենահնին», ուղղված իր խոսքում Ռադդը
խոստովանել է, որ նրանց մի ամբողջ սերնդի պատճառվել է «խոր ցավ,
տառապանքներ եւ կորուստներ»: «Նախ եւ առաջ, մենք հաշվարկում ենք,
որ մարդիկ ոչ միայն կկարողանան ապաքինել իրենց հոգեկան վերքերը,
այլեւ առաջ շարժվել լուծելով խնդիրները, որոնք մինչեւ հիմա
հետապնդում են աբորիգեններին»,- ընդգծել է Ռադդը:
Նախարարների կաբինետի ղեկավարը ցանկություն է հայտնել
մայրցամաքի բնիկ բնակչությանը դարձնելու ավստրալական հասարակության
իրավահավասար անդամներ եւ նրանց դուրս բերելու «մեկուսացածության
վիճակից»: Իր խոսքում Ռադդը նշել է, որ «այսօրվա դրությամբ
«սպիտակ» եւ «սեւ» բնակչության միջեւ փոխհարաբերությունների խնդրի
լուծումը կառավարության առաջնահերթ խնդիրն է, որը բոլոր ջանքերը
կգործադրի խաղաղության եւ քաղաքացիական համաձայնության հասնելու
համար»: