«ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ Է<br /> ԴԱՐՁԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ<br />


«ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ Է
ԴԱՐՁԵԼ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

  • 19-11-2007 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հանդուրժողականություն առանց սահմանների» խորագրով կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթող է ճանաչվել երիտասարդ կինոպրոդյուսեր Գոռ Բաղդասարյանը` «Խաղահրապարակ» սցենարի համար: Հանդուրժողականության միջազգային օրվա առթիվ` նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Հանդուրժողականություն առանց սահմանների» մրցույթի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը եւ մրցանակների հանձնման արարողությունը: «Հանդուրժողականությունը սերտած հատկանիշ է, արժանիք, որը յուրաքանչյուր անձից պահանջում է ազնիվ ջանքեր: Իրական հանդուրժողականություն ձեւավորելու համար պահանջվում է ժամանակ, ինչպես նաեւ` պատրաստակամություն»,- նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը:: Մրցույթին մասնակցելու համար ներկայացված 12 հայտերից ժյուրին ընտրել էր 7-ը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքերով, նախնական ընտրությունն անցած բոլոր յոթ նախագծերն էլ շատ հետաքրքիր էին եւ նկարահանման արժանի: «Իսկապես շատ դժվար էր ընտրել լավագույնը, եւ մենք կփորձենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը նաեւ մյուս նախագծերի իրականացման համար»,- ընդգծել է նա: Մրցույթը անցկացվել է «Ռեժիսորներ առանց սահմանների» կազմակերպության եւ Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ