ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • 05-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նորանկախ Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամյակի եւ Փոստի համաշխարհային օրվա առիթով հոկտեմբերի 9-ին Երեւանում կբացվի «Հայաստան 2007» խորագրով հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես: Ինչպես հոկտեմբերի 5-ի ասուլիսում հայտնեց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ (ՀՖՄ) Հովիկ Մուսայելյանը, ցուցահանդեսի կազմակերպիչների նպատակն է համախմբել հանրապետության ֆիլատելիստներին, վերականգնել անցյալի լավագույն ավանդույթները, եւ հետաքրքրություն առաջացնել մոռացված այս բարձր մշակույթի նկատմամբ: Ըստ Հ.Մուսայելյանի, ցուցահանդեսում կներկայացվեն միության 32 անդամների հավաքածուները: Կցուցադրվեն նամականիշեր, ծրարներ, բացիկներ, ինչպես նաեւ այնպիսի դրոշմանիշեր, որոնք միջազգային ցուցահանդեսներում արժանացել են ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների: Լավագույն հավաքածուների համար ՀՀ տրանսպորտի եւ կապի, ՀՀ Մշակույթի նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Ցիտադել» բիզնես կենտրոնը, Ֆիլատելիայի եւ դրամագիտության համահայկական ակադեմիան եւ Հայաստանի ֆիլատելիստների միությունը սահմանել են հատուկ մրցանակներ: ՀՖՄ-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-13-ը կկազմակերպվեն նաեւ մի շարք այլ միջոցառումներ, ինչպես նաեւ շրջանառության մեջ կդրվեն մի շարք նամականիշեր` «Ծիծեռնակաբերդ», երեխաներին նվիրված «Ճնճղուկներ» եւ Մատենադարանի 50-ամյակին նվիրված նամականիշը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play