ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

  • 05-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նորանկախ Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամեակի եւ Փոստի համաշխարհային օրուայ առիթով հոկտեմբերի 9-ին Երեւանում կբացուի «Հայաստան 2007» խորագրով հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդէս: Ինչպէս հոկտեմբերի 5-ի ասուլիսում յայտնեց Հայաստանի ֆիլատելիստների միութեան նախագահ (ՀՖՄ) Հովիկ Մուսայելյանը, ցուցահանդէսի կազմակերպիչների նպատակն է համախմբել հանրապետութեան ֆիլատելիստներին, վերականգնել անցեալի լաւագոյն աւանդոյթները, եւ հետաքրքրութիւն առաջացնել մոռացուած այս բարձր մշակոյթի նկատմամբ: Ըստ Հ.Մուսայելյանի, ցուցահանդէսում կներկայացուեն միութեան 32 անդամների հաւաքածուները: Կցուցադրուեն նամականիշեր, ծրարներ, բացիկներ, ինչպէս նաեւ այնպիսի դրոշմանիշեր, որոնք միջազգային ցուցահանդեսներում արժանացել են ոսկէ, արծաթէ եւ բրոնզէ մեդալների: Լաւագոյն հաւաքածուների համար ՀՀ տրանսպորտի եւ կապի, ՀՀ Մշակոյթի նախարարութիւնները, Երեւանի քաղաքապետարանը, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Ցիտադել» բիզնես կենտրոնը, Ֆիլատելիայի եւ դրամագիտութեան համահայկական ակադեմիան եւ Հայաստանի ֆիլատելիստների միութիւնը սահմանել են յատուկ մրցանակներ: ՀՖՄ-ի նախաձեռնութեամբ հոկտեմբերի 9-13-ը կկազմակերպուեն նաեւ մի շարք այլ միջոցառումներ, ինչպէս նաեւ շրջանառութեան մէջ կդրուեն մի շարք նամականիշեր` «Ծիծեռնակաբերդ», երեխաներին նուիրուած «Ճնճղուկներ» եւ Մատենադարանի 50-ամեակին նուիրուած նամականիշը:
  -   Հասարակութիւն