ՄԱՀԱՑԵԼ Է ՄՈՒՆՋ ԱՐՎԵՍՏԻ ԱՐՔԱՆ` ՄԱՐՍԵԼ ՄԱՐՍՈՆ<br />


ՄԱՀԱՑԵԼ Է ՄՈՒՆՋ ԱՐՎԵՍՏԻ ԱՐՔԱՆ` ՄԱՐՍԵԼ ՄԱՐՍՈՆ

  • 24-09-2007 13:53:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 22-ին 84 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան, աշխարհահռչակ մնջախաղաց Մարսել Մարսոն: Այս մասին սեպտեմբերի 23-ին հաղորդել են դերասանի հարազատները: Մարսել Մարսոն ծնվել է 1923թ. մարտի 22-ին Ստրասբուրգում: 2-րդ աշխարհամարտի տարիներին մասնակցել է Հակաֆաշիստական դիմադրություն շարժմանը: Եղել է Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի անդամ: Արժանացել է Պատվո լեգիոնի շքանշանի: 1947թ. Մարսել Մարսոն ստեղծում է Բիպի` թունդ սպիտակեցրած դեմքով, զոլավոր շապիկով եւ ճմռթված գլանագլխարկով ծաղրածուի կերպարը, իսկ 1949թ.` իր թատրոնը, որն այն ժամանակ մնջախաղի միակ թատրոնն էր աշխարհում: 1978թ. Փարիզում հիմնել է Մնջախաղի միջազգային դպրոց: «Ես վստահ եմ` կարելի է երիտասարդ լինել ու ծերունու սիրտ ունենալ: Եվ ընդհակառակը` տարեց մարդու սրտի տակ կարող է լիովին ջահել սիրտ տրոփել: Կյանքը հիասքանչ է, եթե նույնիսկ ծանր է»,- ասում էր Մարսել Մարսոն: Մարսել Մարսոյի հուղարկավորությունը տեղի կունենա Պեր Լաշեզ գերեզմանատանը:
Նոյյան տապան  -   Միջազգային