ՍԿՍՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՕՐԵՐ»<br />


ՍԿՍՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՌՈՒՍԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՕՐԵՐ»

  • 12-09-2007 18:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 12-ին Հայաստանի եւ Ռուսաստանի գրողների միությունների միջեւ ստորագրվեց բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության գործող պայմանագիրն ամրապնդող փաստաթուղթ: Այս արարողությամբ պաշտոնապես բացվեցին «Ռուսական խոսքի օրերը» Հայաստանում: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ, պայմանագիրը գործում է շուրջ 10 տարի, եւ այդ տարիների ընթացքում բավականին մեծ աշխատանք է տարվել, մասնավորապես, ռուսական եւ հայկական բազմաժանր ստեղծագործությունները թարգմանելու ուղղությամբ: «Բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերությունն ամեն կերպ նպաստում է երկու երկրների միջեւ գրական, տեղեկատվական փոխանակումների վերականգնմանը: Այդ նպատակով այստեղ ենք բերել մի շարք գրքեր, որոնք կապացուցեն, որ մեր երկրներում գրականությունը եւ պոեզիան ապագա ունեն: Գրականության միջոցով է, որ հատկապես սերտ կապեր պիտի ունենանք միմյանց հետ»,- ընդգծեց ռուսական պատվիրակության ղեկավար, Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: ՌԴ գրողների միության քարտուղար Նիկոլայ Պերեյասլովն ասաց, որ հայ եւ ռուս գրողների հանդիպումները թեեւ հաճախ չեն լինում, սակայն սովորաբար արգասաբեր են: Նրա խոսքով, ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ գրական շփումները հնարավոր են դառնում անկեղծ ու փոխշահավետ համագործակցության շնորհիվ: Մինչեւ սեպտեմբերի 17-ը կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ` նվիրված ռուսաց լեզվին, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գրական, տեղեկատվական կապերի ամրապնդմանը: «Ռուսական խոսքի օրերը» կազմակերպել է Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play