ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՐՄՄՈՆՈ» 5-ՐԴ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՐՄՄՈՆՈ» 5-ՐԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 07-09-2007 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ազգային թատրոնի «Տրակտատ թաշկինակի մասին» ներկացումով (բեմադրող ռեժիսոր Հակոբ Ղազանչյան) կմեկնարկի Մոնոներկայացումների 5-րդ «Արմմոնո» միջազգային շեքսպիրյան թատերական փառատոնը: Սեպտեմբերի 12-18-ին անցկացվելիք փառատոնին մասնակցելու են հրավիրված հայտնի թատերական փառատոնների տնօրեններ եւ հիմնադիրներ, դերասաններ եւ թատերական գործիչներ մի շարք երկրներից, այդ թվում Ավստրալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Իրանից: Ինչպես սեպտեմբերի 7-ի ասուլիսում հայտնեց փառատոնի նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, 5-րդ անգամ անցկացվող փառատոնը ոչ միայն կայացած է, այլեւ իր տեղն է զբաղեցնում միջազգային մյուս թատերական փառատոների շարքում: Նշվեց, որ փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսին հնարավորություն կտրվի դիտել մի շարք հետաքրքիր ներկայացումներ: Դրանցից մեկը` Կիեւի Իվան Ֆրանկոյի անվան ազգային թատրոնի « ... Լինել» ներկայացումը, նվիրված է հայ մեծանուն դերասանուհի Սիրանույշի ծննդյան 150-ամյակին: Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Լարիսա Կադիրովայի կատարմամբ մոնոներկայացումը բեմադրել է Հակոբ Ղազանչյանը: Ըստ Հ.Ղազանչյանի, բազմաթիվ հայ դերասաններ եւ ռեժիսորներ, նախորդ տարիներին մասնակցելով «Արմմոնո»-ին, հրավիրվել են այլ փառատոների եւ վերադարձել մրցանակներով: «Ես կարծում եմ, որ այս հնարավորությունը այսօր շատ կարեւոր է հայ դերասանին եւ ռեժիսորին հյուրախաղերի մեկնելու եւ դրսում ճանաչելի դառնալու առումով»,- համոզված է նա:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play