ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԱՆԵԼ Է ԶՈՐՔԵՐԸ ՀԱՐԱՎԻՐԱՔՅԱՆ ԲԱՍՐԱՅԻՑ<br />


ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԱՆԵԼ Է ԶՈՐՔԵՐԸ ՀԱՐԱՎԻՐԱՔՅԱՆ ԲԱՍՐԱՅԻՑ

  • 03-09-2007 18:10:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանական զորահրամանատարությունը սեպտեմբերի 3-ին հայտարարել է հարավիրաքյան Բասրա քաղաքից իր զորքերի դուրսբերումն ավարտելու մասին: «Թագավորության վերջին 500 զինծառայողները քաղաքի կենտրոնի նախագահական պալատից վերատեղակայվել են Բասրային մերձակա օդանավակայանի տարածքում գտնվող Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ բազայում»,- ասվում է զինվորականների հայտարարության մեջ: Բասրայից բրիտանական զորքերի դուրս բերման վերջին, ավարտական փուլը, որտեղ նրանք տեղակայվել էին 2003-ին Իրաքում պատերազմն սկսվելուց հետո, սկսվել է կիրակի առավոտյան եւ ավարտվել 24 ժամում: Առաջիկայում կկայանա քաղաքի վերահսկողության ձեւական փոխանցումը իրաքցի զինծառայողներին, սակայն Իրաքի բանակի զինվորները արդեն Բասրայի վրա ծածանել են ազգային դրոշը: Որեւէ միջադեպ զորքերի դուրսբերման ընթացքում չի գրանցվել, ամեն ինչ անցել է հանգիստ: Իրաքից բրիտանական զորքերի վերջնական դուրսբերման հեռանկարը հարուցում է լուրջ մտավախություն եւ Վաշինգտոնում: Վերջին մեկ տարում զորակազմը 7200-ից կրճատվել է մինչեւ 5500 մարդու: Ըստ Լոնդոնից ստացվող հաղորդումների, Իրաքից զորքերի վերջնական դուրս բերման ժամկետների մասին որոշում դեռ չի ընդունվել, սակայն վարչապետ Գ. Բրաունը հակված է փոխելու գործողության բնույթը եւ «մարտական գործողություններից» անցնելու «դիտարկման առաքելության»: Այս տարվա սկզբից բրիտանական զորակազմը Իրաքում ամենածանր կորուստներն է ունենում քառամյա ողջ ժամանակամիջոցում` 41 մարդ սպանված եւ մոտ 60 տուժած: Վերջին երկու ամիսներին օդանավակայանին եւ բրիտանացիների վերջին ամրացման շրջանին` Պալատին ավելի քան 300 հրթիռա-ականանետային հարված է հասցվել:
Նոյյան տապան  -   Միջազգային