ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ<br /> ԵՆ ՆՐԱ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ<br />


ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ԵՆ ՆՐԱ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

  • 13-08-2007 18:28:00   | Նիդեռլանդներ  |  Միջազգային
ԱՄՍՏԵՐԴԱՄ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայում ազգությամբ թուրք սենատոր Դյուզգյուն Յըլդըրըմի կուսակիցները պահանջում են վերջինիս հրաժարականը: Այս մասին հաղորդում է թուրքական մամուլը: Հոլանդիայի նահանգային խորհրդարանների անդամների ընտրություններում Դյուզգյուն Յըլդըրըմը Սոցիալիստական կուսակցության ցուցակով ընտրվել է որպես սենատոր: Սակայն կուսակցության գլխավոր քարտուղար Հանս վան Հեյնինգենը նամակ է հղել ազգությամբ թուրք սենատորին եւ պահանջել մինչեւ օգոստոսի 24-ը վայր դնել իր մանդատը: Հոլանդիայում Սենատի անդամները ընտրվում են նահանգային խորհրդարանների անդամների կողմից: Մայիսի 29-ին կայացած ընտրություններին Դյուզգյուն Յըլդըրըմը մասնակցել է Սոցիալիստական կուսակցության կազմում, որի ցուցակում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը: Սակայն քվեարկության ընթացքում ձայների մեծամասնությամբ Յըլդըրըմը, զբաղեցնելով ցուցակում 12-րդ հորիզոնակը, ընտրվել էր Սենատի անդամ: Սոցիալիստական կուսակցությունն իր պահանջը հիմնավորում է նրանով, որ «կուսակցության ցուցակը փոփոխման ենթակա չէ», իսկ Յըլդըրըմը ընտրվել է 12-րդ թեկնածուի փոխարեն: Կուսակցությունը պահանջում է, որ վերջինս իր տեղը զիջի ցուցակով իրենից առաջ գրանցված թեկնածուներից մեկին: Ազգությամբ թուրք սենատորը թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, թե «Սոցիալիստական կուսակցության որոշումը ժողովրդավարական չէ». «Իմ հրաժարականի հետ կապված պահանջը կարող է բխել այն բանից, որ ես ծագումով թուրք եմ: Սակայն չեմ պատրաստվում զիջել իմ դիրքերը եւ շարունակելու եմ պայքարել»,- հայտարարել է Դյուզգյուն Յըլդըրըմը:
Նոյյան տապան  -   Միջազգային