ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԿՍՎԵԼ Է<br /> ԲԱՏԻՍԿԱՖՆԵՐԻ ՍՈՒԶՈՒՄԸ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՀԱՏԱԿԸ<br />


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲԵՎԵՌՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍԿՍՎԵԼ Է
ԲԱՏԻՍԿԱՖՆԵՐԻ ՍՈՒԶՈՒՄԸ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՀԱՏԱԿԸ

  • 02-08-2007 18:10:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուս եւ արտասահմանյան հետազոտողները օգոստոսի 2-ին պատմության մեջ առաջին անգամ ձեռնամուխ են եղել երկու «Միր» խորջրյա բնակելի ապարատների սուզմանը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հատակը, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Միր-1»-ը եւ «Միր-2»-ը բարեհաջող հասել են Սառուցյալ օվկիանոսի հատակին, առաջին բատիսկաֆը գտնվում է 4261 մետր խորության վրա, երկրորդը` 4302 մետր: Մի «Միր» ապարատը ղեկավարում է պրոֆեսոր, օվկիանոսագետ Անատոլի Սագալեւիչը: Անձնակազմում է Բեւեռախույզների ընկերակցության նախագահ, Խորհրդային Միության հերոս Արթուր Չիլինգարովը: Երկրորդ բատիսկաֆի անձնակազմը միջազգային է: Բացի նավապետից, որը ռուսաստանցի Եվգենի Չեռնյաեւից, նրա մեջ մտնում են ավստրալացի հետազոտող Մայք Մակդաուելը եւ շվեդ Ֆրեդերիկ Պաուլսենը, որն արժանացել է Ռուսաստանի պատվավոր բեւեռախույզի կոչման: Նա միլիոնատեր է եւ այս ճամփորդության համար վճարել է 3 մլն. դոլար: Սուզման ժամանակամիջոցում գիտնականները ծրագրում են օվկիանոսի հատակից վերցնել հողի եւ կենդանական աշխարհի նմուշներ: Դա թույլ կտա առաջին անգամ մանրակրկիտ ուսումնասիրել Երկրագնդի ամենահյուսիսային օվկիանոսի մերձբեւեռային շրջանի հատակի կառուցվածքը: Դրանից բացի, օվկիանոսի հատակին կթողնվի տիտանե պարկուճ Ռուսաստանի դրոշով: Արշավախմբի աշխատանքը, գիտնականները հույս ունեն, որ թույլ կտա ճշտել Նովոսիբիրսկի կղզիներից մինչեւ բեւեռ ձգվող շրջանի ռուսական ծանծաղուտի սահմանները: Նշենք, որ ռուսական արշավախմբի խնդիրներից մեկն է ապացուցել, որ Լոմոնոսովի եւ Մենդելեեւի ստորջրյա լեռնաշղթաները, որոնք ձգվում են դեպի Գրենլանդիա, կարող են լինել ռուսական մայրցամաքային ծանծաղուտի շարունակությունը: Եթե դրանում հաջողվի համոզել նաեւ ՄԱԿ-ի պաշտոնյաներին, ապա երկիրը իրավունք կստանա մշակելու նավթի եւ գազի հսկայական հանքավայրերը Մուրմանսկ-Չուկոտկա-Հյուսիսային բեւեռ եռանկյունում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play