«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆն ԱՎԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ<br />


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆն ԱՎԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

  • 16-07-2007 16:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Ազատության հրապարակում հուլիսի 14-ի ուշ երեկոյան կայացավ «Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը եւ 5 անվանակարգերի ժյուրիների ներկայացուցիչները հայտարարեցին մրցութային ծրագրերի արդյունքները: Միջեկեղեցական միջազգային կինոկազմակերպության էկումենիկ ժյուրին, որը նախագահում էր կազմակերպության նախագահ Հանս Հոդելը, խրախուսական մրցանակով պարգեւատրեց Կարլա Կարապետյանին «Ճչացողները» ֆիլմի համար (Մեծ Բրիտանիա): Գլխավոր մրցանակը հանձնվեց Վարդան Հովհաննիսյանին «Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմի համար (ՀՀ): Փառատոնում այս տարի առաջին անգամ ներկայացված «FIPRESCI» կինոլրագրողների եւ կինոքննադատների միջազգային ասոցիացիայի ժյուրիի մրցանակին կրկին արժանացավ Վարդան Հովհաննիսյանի նույն ֆիլմը: Այս տարի ամենաշատ ֆիլմերը ներկայացված էին «Հայկական համայնապատկեր» մրցույթում` 23 ֆիլմ: Այս անվանակարգում դիպլոմներով պարգեւատրվեցին Աշոտ Մկրտչյանը` «7 հնդիկ տղա» (Հայաստան) եւ Իգոր Սպասյանը «Գրաֆիֆթի» (ՌԴ) ֆիլմերի համար: Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Կարեն Հովհաննիսյանի «Ես մնում եմ» ֆիլմը (ՌԴ): Նույն անվանակարգում «Արծաթե ծիրանը» հանձնվեց դարձյալ Վ.Հովհաննիսյանին` նույն ֆիլմի համար, իսկ գլխավոր` «Ոսկե ծիրան»-ին արժանացավ Կարլա Կարապետյանը «Ճչացողները» ֆիլմի համար: Վավերագրական մրցույթում ժյուրին միաձայն իր գլխավոր մրցանակը հանձնեց Վ.Հովհաննիսյանին, իսկ արծաթե «Ոսկե ծիրանը»` Քսյավե Քրիստիանի «Սպիտակ ուղտը» ֆիլմին (Բելգիա): Խաղարկային մրցույթում ժյուրին ներկայացված 10 ֆիլմերից Բրունո Դյումոնի «Ֆլանդրիա» ֆիլմին հանձնեց հատուկ դիպլոմ: Արծաթե մրցանակը շնորհվեց Էմանուելե Կրիալեզեի իտալական «Նոր աշխարհ»-ին, իսկ առաջին մրցանակը` Ավստրիայից Ուլրիխ Զայդելիին` «Ներմուծում-արտահանում» ֆիլմերի համար: Փառատոնի «Կենաց ծառի» մրցանակաբաշխության հաղթող դարձավ երիտասարդ ռեժիսոր Գոռ Բաղդասարյանի «Ճաշի ժամը» ֆիլմը: Ի դեպ, այս տարի փառատոնի նախագահությունը մրցութային ծրագրերում գլխավոր մրցանակների համար սահմանել էր դրամական պարգեւներ. միջազգային խաղարկային մրցույթում գլխավոր մրցանակի համար` 2 մլն. դրամ, իսկ միջազգային վավերագրական եւ ազգային` «Հայկական համայնապատկեր» մրցույթներում` մեկական միլիոն դրամ: Փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր կամավոր աջակցել էին փառատոնի կազմակերպմանը. «Վաղվանից մենք արդեն սկսկելու ենք հինգերորդ փառատոնի կազմակերպման աշխատանքները եւ հույս ունենք, որ տարեցտարի ավելի շատ հանրահայտ ռեժիսորներ ու ֆիլմեր կգան Հայաստան»: Ավելացնենք, որ «Տոնինո Գուերա» հիմնադրամը փառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին արժանացրել է «Ամարկորդ» մրցանակի, որը նրան կհանձնվի հավանաբար հոկտեմբերին, երբ լեգենդար կինոգործիչը կժամանի Հայաստան:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play