ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ
ԹԻՎԸ,- ԱՍՈՒՄ Է ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ
10-07-2007 19:00:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եթե 1990-ականներին
անորոշ իրավիճակ էր ստեղծվել գրական ընտանիքում եւ սերնդափոխության
հարցը վտանգված էր, ապա վերջին տարիներին իրավիճակը կտրուկ փոխվել
է եւ ավելացել է երիտասարդ գրողների թիվը»,- հուլիսի 10-ին
լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Գրողների միության
(ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը:
Ըստ նրա, այսօր ՀԳՄ-ի շարքերը ոչ միայն համալրվել են
երիտասարդ գրողներով, այլեւ ստեղծվել է «Սերունդ» էլեկտրոնային
թերթը, «Ցոլքեր» պատանեկան գրական հանդեսը, իսկ ՀԳՄ
հրատարակչությունում «Մուտք» մատենաշարով տպագրվել է երիտասարդ
ստեղծագործողների երկու տասնյակից ավելի գիրք: Լ.Անանյանը նշեց
նաեւ, որ երիտասարդ սփյուռքահայ գրողների ստեղծագործությունները
նույնպես պետք է հրատարակվեն «Մուտք» մատենաշարով, որպեսզի եւ
Սփյուռքում, եւ հայրենիքում ճանաչեն նրանց: «Այսինքն այսօր
երիտասարդներն ունեն ստեղծագործելու եւ տպագրվելու բոլոր
հնարավորությունները»,- ասաց ՀԳՄ-ի նախագահը:
Անդրադառնալով ՀԳՄ-ի ծրագրերին Լ.Անանյանը հայտնեց, որ աշնանը
Հայաստանում եւ Արցախում կանցկացվեն Ռուսաց լեզվի շաբաթ, օտարագիր
հայ գրողների համաժողով, ինչպես նաեւ վրացական պոեզիայի օրեր:
Նշվեց նաեւ, որ արդեն սկսվել են հաջորդ տարի Հայաստանում կայանալիք
Գրողների համահայկական համաժողովի եւ պոեզիայի միջազգային փառատոնի
նախապատրաստական աշխատանքները: