«ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՄԱՐԿՈԲԵՐԴՈՐՖՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ»<br />


«ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՄԱՐԿՈԲԵՐԴՈՐՖՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ»

  • 12-06-2007 18:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ միջազգային մրցույթների դափնեկիր «Սպեղանի» երգչախումբը մայիսի 25-30-ին Մարկոբերդորֆում (Գերմանիա) կայացած կամերային երգչախմբերի միջազգային 10-րդ փառատոնում ճանաչվել է «Լավագույն երգչախումբ» եւ արժանացել պատվոգրի: Ինչպես հունիսի 12-ի ասուլիսում հայտնեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սարինա Ավթանդիլյանը, փառատոնի արդյունքներով «Սպեղանին» ընդգրկվել է աշխարհի լավագույն 13 երգչախմբերի շարքում: Ս.Ավթանդիլյանը հայտնեց, որ երգչախումբը մասնակցել է նաեւ մայիսի 15-20-ին Շվեցարիայի Բազել քաղաքում անցկացված երիտասարդական երգչախմբերի եվրոպական փառատոնին: «Տարբեր ազգերի դիրիժորներին հիացրեց երգչախմբի կատարումը: Մարկոբերդորֆում մեր ելույթից անմիջապես հետո եվրոպական մի շարք քաղաքներում հյուրախաղերով հանդես գալու հրավերներ ստացանք»,- նշեց երգչախմբի ղեկավարը: Բազելի եւ Մարկոբերդորֆի փառատոներում «Սպեղանին» ներկայացրել է հայ հոգեւոր միջնադարյան երաժշտության նմուշները, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Երվանդ Երկանյանի եւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ս.Ավթանդիլյանի խոսքերով, օտարազգի ունկնդրին գրավել է հատկապես Երվանդ Երկանյանի «Սիրիուս» ստեղծագործությունը: Ըստ նրա, Բեռնի հայ-շվեցարական ասոցիացիայի նախագահ Սարգիս Շահինյանը ցանկություն է հայտնել երգչախմբի այդ կատարումը օգտագործել Անիի մասին նկարահանվող ֆիլմում: Նշենք, որ «Սպեղանիի» կազմում ընդգրկված են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների երեխաները: 2004թ.-ին երգչախումբն արժանացել է Իտալիայի Արեցցո քաղաքում կայացած խմբերգային երաժշտության հեղինակավոր մրցույթի 2-րդ մրցանակին: Երգչախումբը մի շարք խմբերգային ստեղծագործությունների առաջին կատարողն է Հայաստանում: «Սպեղանին» համերգներ է ունեցել Լիբանանում, Հռոմում, Միլանում եւ եվրոպական մի շարք քաղաքներում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play