Ֆանի Արդանը կմասնակցի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին


Ֆանի Արդանը կմասնակցի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին

  • 08-07-2011 17:34:40   | Հայաստան  |  Մշակույթ
«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը 8 տարվա մեջ մեծ ձեռքբերումներ է ունեցել։ Հայտարարելով այս մասին հուլիսի 8-ի ասուլիսում, փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը միաժամանակ նշեց, որ կան նաեւ բացթողումներ. մասնավորապես, դահլիճների փոքրությունը եւ հանդիսատեղերի սակավությունը։ Նա հույս հայտնեց, որ մինչեւ 10-րդ փառատոնը այդ խնդիրները կլուծվեն, եւ բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան դիտելու փառատոնին ներկայացված ֆիլմերը։ «Փառատոնի ամենավերջին նվերը իմ շատ սիրելի, տաղանդավոր Ֆանի Արդանի ներկայությունն է մեր փառատոնին»,- հայտարարնեց Հ.Խաչատրյանը` նշելով, որ հուլիսի 11-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն նրա «Մոխիր եւ արյուն» եւ կարճամետրաժ «Բացակա երազներ» ֆիլմերը: Նա նաեւ տեղակացրեց, որ փառատոնի գլխավոր հյուրերից մեկը` Բերտրան Տավերնյեն, հիվանդության պատճառով չի ժամանելու Հայաստան: Իսկ այսօր արդեն Երեւան կժամանի փառատոնի բացման` «Վավերացված պատճեն», ֆիլմի ռեժիսոր Աբաս Քիառոսթամին, ով նաեւ ճամփորդելու է Հայաստանի տարածքով: Հ.Խաչատրյանը նշեց, որ այս տարի փառատոնը ներառելու է 3 հոբելյանական ծրագրեր` նվիրված Ռոման Բալայանի 70-ամյակին, Դմիտրի Կեսայանցի 80-ամյակին եւ Էդմոն Քյոսայանի 75-ամյակին: Փառատոնի գլխավոր տնօրենի խոսքերով, Ալեքսանդր Մանթաշովի արձանի տեղադրումը չի կատարվելու փառատոնի շրջանակներում, ինչպես ի սկզբանե նախատեսվում էր: Նա հայտնեց, որ ուշացման պատճառը նախապես պլանավորված տեղի փոխությունն է, եւ հույս հայտնեց, որ արձանի բացումը կկայանա մեկ ամսից Աբովյան փողոցում։ Իսկ Ա.Մանթաշովի գրքի շնորհանդեսը կլինի փառատոնի շրջանակներում: Երեւանյան պրեմերիաների շարքում այս տարի «Ոսկե ծիրանը» կներկայացնի Կաննի կինոփառատոնի 3 մրցանակակիրներին` Թերենս Մալիքի «Կենաց ծառը», Նուրի Բլիգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում» եւ Լարս ֆոն Թրիերի «Թախիծ» ֆիլմերը: Նույն ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաեւ Բրեյդեն Քինգի «Այստեղ», Պավել Կոստոմարովի «Ես քեզ սիրում եմ» եւ Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» ֆիլմերը: Փառատոնի մրցութային 4 անվանակարգերում ներառված ֆիլմերից խաղարկայինների ժյուրին կնախագահի հանրահայտ “The Gurdian-ի եւ “London Evening Standard-ի գլխավոր կինոքննադատ Դերեկ Մալքոլմը: Ժյուրիի անդամներն են ֆրանսիացի Ֆրեդերիկ Բուայեն, Մեծ Բրիտանիան ներկայացնող Պավել Պավլիկովսկին, հարավկորեացի Ճհո Յոուն-ճուն եւ Վահագն Տեր-Հակոբյանը: Վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է բուլղարացի կինոքննադատ Բոժիդար Մանովը, անդամներն են Ալես Դոկտորիչը (Իտալիա), Ամիր Էսֆանդիարին (Իրան), Պավել Կոստոմարովը (Ռուսաստան) եւ Նունե Հախվերդյանը (Հայաստան): «Հայկական համայնապատկեր» անվանակարգում հաղթողին կորոշեն ժյուրիի նախագահ Ելենա Ստիշովան (Ռուսաստան), Արմեն Դովլաթյանը (Հայաստան), Նիրմալ Դհարը (Հնդկաստան), Օզջյան Ալփերը (Թուրքիա) եւ Սվետլանա Գուլյանը (Հայաստան): «Կորիզ» անվանակարգի ժյուրիի անդամներն են Թիերի Լընուվելը (Ֆրանսիա), Կարինե Թորոսյանը (Կանադա) եւ Օլգա Շերրվուդը (Ռուսաստան): Փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը կարեւորեց ԱՊՀ երկրների ֆիլմերի ծրագիրը, շեշտելով, որ դրանով «Ոսկե ծիրան»-ը տարածաշրջանային կարեւորագույն փառատոն դառնալու միտում ունի: Ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանի խոսքերով, այս տարի Փարաջանովյան մրցանակը շնորհվելու է Ֆանի Արդանին, Բելա Տարին եւ Ռոման Բալայանին, իսկ «Վարպետ» մրցանակին արժանանալու են իրենց վարպետությամբ փայլող, բայց համաշխարհային կինոյում այնքան էլ մեծ վաստակ չունեցող կինոգործիչներին` Ալեքսեյ Ուչիտելին, Վոյչեխ Մարչեւսկին եւ Ջերյան:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play