ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԵՆԱՏԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՀՕԳՈՒՏ ԻՐԱՔԻՑ ԱՄՆ-Ի ԶՈՐՔԵՐԻ
ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ
28-03-2007 19:19:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան Սենատը
քվեարկել է մինչեւ 2008 թվականի մարտի 28-ը Իրաքից ԱՄՆ-ի զորքերի
դուրսբերման օգտին:
Օրինագծում, որին հավանություն են տվել սենատորները, ասվում
է, որ «ընթացիկ հակամարտությունը Իրաքում պահանջում է գլխավորապես
քաղաքական որոշումներ»:
Դեմոկրատ սենատոր Ջո Բիդենը հայտարարել է. «Մենք ամենայն
հստակությամբ հասկացրինք նախագահին, որ հարկավոր է փոխել
քաղաքականությունը Իրաքում: Եվ մենք հուսով ենք, որ նա, վերջապես,
մեզ կլսի»:
Սակայն, քվեարկության արդյունքները Ջորջ Բուշին չեն գոհացրել:
Ինչպես ասվում է նրա մամլո ծառայության հայտարարության մեջ,
նախագահը մտադիր է վետո դնել օրինագծի վրա: