ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ԵՐԵՎԱՆՈՒՄ 12,57-%ՈՎ ԱՃԵԼ Է ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ԹԻՎԸ<br />


ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ
ՀԱՄԵՄԱՏ ԵՐԵՎԱՆՈՒՄ 12,57-%ՈՎ ԱՃԵԼ Է ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԹԻՎԸ

  • 19-03-2007 17:58:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի հունվար-փետրվարին Երեւանում գրանցվել է 659 հանցագործություն, ինչը 73 դեպքով կամ 12,5%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հայտնելով այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը պարզաբանեց, որ հանցագործությունների թվի աճը պայմանավորված է «լատենտային հանցագործությունների հայտնաբերման եւ կատարված հանցագործությունների առավել լիարժեք գրանցման հետեւողական քաղաքականությամբ»: Այս տարվա առաջին երկու ամսում Երեւանում կատարվել է 6 դիտավորյալ սպանություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5-ի դիմաց: Սպանություններից 4-ը արդեն բացահայտվել են: Վնասազերծվել է 15 հանցավոր խումբ` 42 անձով: Արդեն բացահայտվել է նրանց կողմից կատարված 63 հանցագործության դեպք: 41%-ով նվազում է նկատվել խուլիգանության եւ 33%-ով կողոպուտների դեպքերով: Ն.Նազարյանը որպես դրական միտում նշեց նաեւ այն, որ 40%-ով պակասել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների քանակը: Ոստիկանության մարմինների կողմից առգրավվել եւ հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 18 միավոր հրազեն, այդ թվում 2 ինքնաձիգ, 9 ատրճանակ, 3 նռնակ եւ տարբեր տրամաչափի շուրջ 300 փամփուշտներ: Թմրամիջոցների դեմ պայքարի ցուցանիշների 24 դեպքով կամ 80%-ով աճը, ըստ Ն.Նազարյանի, անցած տարի սկսված դրական տեղաշարժերի շարունակությունն է: Համարյա կրկնակի աճել են թմրավաճառների հայտնաբերման փաստերը: 2007թ.-ի առաջին 2 ամիսներին առգրավվել են 760 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ: Անհանգստացնող է բնակարանային գողությունների աճը` 24 դեպքով կամ 52%-ով: Դրանց մեջ գերակշռում են պատուհանից ներս մտնելու միջոցով գողությունները` 34, փականը կոտրելու միջոցով գողությունները` 16, հարմարեցված բանալիների միջոցով գողությունները` 12, բաց դռներից ներս մտնելու միջոցով գողությունները` 8: Ընթացիկ տարվա 2 ամիսներին դիտարկվել է ավտոառեւանգումների աճի միտում` գրանցվել է նման 28 դեպք, որից 9-ը դեռեւս չեն բացահայտվել, 19 ավտոմեքենա հայտնաբերվել են թալանված վիճակում: 23 դեպքում առեւանգումները կատարվել են շենքերի բակերից, 5-ը` փողոցներից: Դրանցից 22-ը կատարվել են գիշերային ժամերի: Այս տարի գրանցված գործերի բացահայտումը աճել է եւ կազմել է 83,9%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83,1%-ի դիմաց: Ծանր դեպքերի բացահայտումը կազմել է 71,7%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 71,4%-ի դիմաց, առանձնապաես ծանր գործերով բացահայտումը կազմել է 60%:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play