ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԴԻՄԵԼ ՀՀ<br /> ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ<br />


ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԴԻՄԵԼ ՀՀ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ

  • 12-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 11-ին «Ժամանակ Երեւան» թերթի նախկին գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պաշտպաններին է վերադարձվել իրենց վճռաբեկ բողոքը: Այս մասին մարտի 12-ի ասուլիսում հայտնեցին լրագրողի պաշտպաններ Հայկ Ալումյանն ու Զարուհի Փոստանջյանը: Ըստ պաշտպանական կողմի, վճռաբեկ բողոքը վերադարձվել է օրենքի կոպիտ խախտումներով. բողոքը ներկայացվել է հունվարի 22-ին եւ այն ընդունելու կամ ընդունումը մերժելու որոշումը պետք է կայացվեր 10 օրվա ընթացքում, այսինքն փետրվարի 1-ին: Մինչդեռ մարտի 6-ին փաստաբան Զ.Փոստանջյանի հարցմանն ի պատասխան բանավոր ասվել է, որ որեւէ որոշում ՀՀ Վճռաբեկ դատարանը դեռեւս չի կայացրել: Մարտի 7-ին Վճռաբեկ դատարանին գրավոր դիմելուց հետո, որտեղ մատնանշվում էին օրենքի խախտումները, ստացվել է փետրվարի 26-ի` այսինքն հետին թվագրությամբ որոշում` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին: Պաշտպանները ուշադրություն հրավիրեցին նաեւ այն բանի վրա, որ բողոքը ընդունելու մերժման որոշումը տրվում է ստանդարտ պատճառաբանություն: Պաշտպանական կողմը մտադիր է դիմել ՀՀ Սահմանադրական եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարաններ: Որպես դիմումի հիմք ներկայացվելու են ՀՀ Սահմանադրության հոդվածների խախտումները. մասնավորապես, սահմանադրությամբ դատախազությունը չունի նախաքննություն իրականացնելու լիազորություն եւ նման լիազորություն թույլ տվող քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը հակասում է սահմանադրությանը: Պաշտպանական կողմը մտադիր է նաեւ վիճարկել վճռաբեկ բողոքը վերադարձնելու աբստրակտ ձեւակերպման, ինչպես նաեւ զորակոչից խուսափող անձանց քրեական պատասխանատվությունից ազատող միջգերատեսչական հանձնաժողովի լիազորության սահմանադրականությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play