ՊԱՐԶՎԵԼ ԵՆ «ՌԵԼԱՔՍ» ԴԻՍԿՈ-ԱԿՈՒՄԲՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ<br /> ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ<br />


ՊԱՐԶՎԵԼ ԵՆ «ՌԵԼԱՔՍ» ԴԻՍԿՈ-ԱԿՈՒՄԲՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

  • 20-02-2007 14:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պարզվել են փետրվարի 15-ին «Ռելաքս» դիսկո-ակումբում տեղի ունեցած Արտաշ Օթարի Համբարձումյանի եւ Մհեր Սերյոժայի Պողոսյանի սպանության մանրամասները: Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, ՀՀ քաղաքացի Վ.Գեւորգյանը փետրվարի 15-ին` ժամը 03:45-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գտնվող «Ցիտադել բիզնես կենտրոն» համալիրի առաջին հարկում տեղակայված «Ռելաքս» դիսկո-ակումբի սրահում վիճաբանել է Մ.Պողոսյանի եւ Ա.Համբարձումյանի հետ, ինչի հետեւանքով առաջացած քաշքշոցը տեղափոխվել է ակումբի տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ գտնվող ծառայողական մուտքի դիմացի հատվածը: Վեճի ընթացքում Վ.Գեւորգյանն իր մոտ օրինական հիմքերով գտնվող «Վիկինգ» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակից, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել Մ.Պողոսյանի եւ Ա.Համբարձումյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանների` գլխի եւ կրծքավանդակի շրջանի, ուղղությամբ եւ ապօրինաբար զրկել նրանց կյանքից: Դեպքից հետո Վ.Գեւորգյանը դիմել է փախուստի: Ձեռք բերված ապացույցների հիման վրա փետրվարի 17-ին որոշում է կայացվել Վ.Գեւորգյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով մեղադրանք առաջադրելու մասին: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ սպանության կապակցությամբ տարածված առաջին պաշտոնական հաղորդագրությունում նշված էր, որ «օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել հրաձգությանը մասնակցած երկու անձանց ինքնությունը»: Ըստ «Առավոտ» օրաթերթի, որը հղում է կատարել ոստիկանության իր աղբյուրներին, «սպանությանը մասնակից երկու անձանց ինքնությունն արագորեն պարզվել է դիսկո-ակումբում տեղադրված տեսախցիկների շնորհիվ, որոնք արձանագրել էին սպանությունն առաջին իսկ վայրկյաններից մինչեւ վերջին պահը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play