ՓԱՐԻԶԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ Ս.<br /> ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՓԱՐԻԶԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ Ս.
ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 12-02-2007 17:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզի Գեղարվեստի բարձրագույն ակադեմիայում փետրվարի 12-ին բացվում է «Փառահեղ Փարաջանով» ամենամեծ ցուցադրությունը, որտեղ կներկայացվեն հայ մեծ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի 72 գործերը: Այն կտեւի մինչեւ ապրիլի 8-ը, որից հետո աշխատանքները կտեղափոխվի Սենտ Էթիենի ժամանակակից արվեստի թանգարան, ուր կցուցադրվեն ապրիլի 25-ից մայիսի 20-ը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Ս.Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Թանգարանի տնօրենի խոսքերով, Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում տարբեր քաղաքներում բացվել եւ շարունակվում են բացվել Ս.Փարաջանովի ժառանգությունը ներկայացնող տարբեր ցուցահանդեսներ: «Հայաստանի տարին Ֆրանսիայում գերազանց հնարավորություն է ֆրանսիացի հանդիսատեսի համար` ծանոթանալու կամ վերհիշելու կինոյի, գեղանկարչության, ի վերջո մեծ փիլիսոփայի ստեղծագործություններին, որոնք ամենավառ գույներն են հաղորդում Ֆրանսիայում Հայաստանի տարվա ցուցադրություններին»,- ասաց Զավեն Սարգսյանը: Ցուցադրություններից ամենաառաջինը բացվել է հունվարի 9-ին Թուլուզի Սինեմատեկում` ներկայացնելով մեծ վարպետի 30 կինոէսքիզները եւ բեմադրված ներկայացումների նկարազարդումները: Փարիզի Բուբինիի արվարձանում մարտի 9-25-ն անցկացվելիք փարաջանովյան ֆիլմերի փառատոնը նույնպես կուղեկցվի նրա վրձնած կտավների ցուցահանդեսով: Այդ օրերին բացի վարպետի ֆիլմերից կներկայացվեն նաեւ հայ ռեժիսորի հետ հոգեւոր մտերմություն հաստատած Տարկովսկու, Ֆելինիի, Պազոլինիի ֆիլմերը: Կանցկացվի նաեւ փարաջանովյան ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Ֆրանսիական կողմը տպագրության է պատրաստում նաեւ Փարաջանովին նվիրված 170-էջանոց մեծ պատկերագիրք:
Նոյյան տապան  -   Մշակույթ