«Կլիմայի փոփոխություն եւ ցածր ածխածնային տեխնոլոգիաներ»<br /> սեմինարի շրջանակներում ներկայացվեցին հայկական «Բարվա»<br /> ընկերության տեխնոլոգիաները<br />


«Կլիմայի փոփոխություն եւ ցածր ածխածնային տեխնոլոգիաներ»
սեմինարի շրջանակներում ներկայացվեցին հայկական «Բարվա»
ընկերության տեխնոլոգիաները

  • 21-03-2009 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ շուտով արեւի ճառագայթի էներգիան էլեկտրականի փոխակերպող էլեկտրակայնների արտադրած էլեկտկրաէներգիայի 1 վատի արժեքը կարող է հասնել մինչեւ 2 ԱՄՆ դոլար եւ ավելի ցածր մակարդակի: Էլեկտրաէնեգիայի ներկայումս օգտագործվող ամենաէժան վերականգնվող էներգիայի աղբյուրը հիդրոէլեկտրակայաններն են, սակայն դրանք ունեն ռեսուրսային սահմանափակումներ, իսկ արեւի էներգիան գրեթե անսահմանափակ է. Հայաստանի պարագայում մի քանի հեկտար տարածքով կուտակիչ մոդուլների հիման վրա էլեկտրակայանների գործարկումը բավարար կլինի ամբողջ երկրի ազգաբնակչությանը եւ տնտեսության էլեկտրաէնեգիայի պահանջարկի մեծ մասը ծածկելու համար: Այս մասին մարտի 21-ին հայտնեց «Վիասֆեր Տեխնոպարկ»-ի գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանը` տեխնոպարկում անցկացված «Կլիմայի փոփոխություն եւ ցածր ածխածնային տեխնոլոգիաներ» թեմայով երրրորդ սեմինարի ժամանակ: Սեմինարների կազմակերպիչններն են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեպանությունը եւ նշված տեխնոպարկում գործող «Տրանզիստոր Պլյուս» ընկերությունը: Սեմինարի ժամանակ ցուցադրվեց ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ եւ բնապահպանության ոլորտի գործիչ Ալ Գորի «Անցանկալի ճշմարտություն կամ գլոբալ տաքացում» հայերեն թարգմանված գիտահանրամատչելի կինոնկարը: Այնուհետեւ միջոցառման մասնակիցներն ուղեւորվեցին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաք, որտեղ տեղակայված է «Տրանզիստոր Պլյուս»-ի գործընկեր «Բարվա» ընկերությունը: Այնտեղ ներկայացվեցին ընկերության կողմից մշակվող տեխնոլոգիաները` «Զենիթ» հակակարկտային կայանը եւ արեւային կայաներրի կուտակիչ մոդուլների հավաքման արտադրամասը: «Տրանզիստոր Պլյուս»-ի տնօրեն Գագիկ Այվազյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց, որ 15 աշխատող ունեցող «Բարվա»-ի կառուցած հակակարկտային կայանները մոտ 1,5 անգամ էժան են մինչ դրանց շահագործումը Հայաստան ներմուծված 30 արգենտինյան նմանատիպ կայաններից: «Բարվա»-ի մասնագետներն ընկերության աշխատանքի 2 տարվա ընթացքում 6-ական հակակարկտային կայան են տեղակայել Շիրակի, եւ Արմավիրի մարզերում: 2009թ.-ին նախատեսվում է Հայաստանում տեղակայել 20 «Զենիթ» կայաններ: Գ.Այվազյանի տվյալներով, վերջնական փուլում են Վրաստան հակակարկտային կայանների արտահանման շուրջ բանակցությունները, դրանց նկատմամբ հետաքրքություն է ցուցաբերվել նաեւ Իրանի եւ Սիրիայի կողմից: Վերջինիս հետաքրքրում է «Զենիթ»-ի անձրեւաբեր հատկությունը: (Կայանի աշխատանքի հիմքում դրված է հեղուկ ացետիլենի պայթյունից առաջացած մոտ 5 տոննա ուժգնությամբ ակուստիկ հարվածային ալիքի գեներացումը: Ալիքը կարող է հասնել մինչեւ մթնոլորտի 10-11 կմ բարձրության վրա գտնվող շերտերը: Հարվածային ալիքի ներսում ճնշումը հասնում է 1 000 մթնոլորտի, իսկ ջերմությունը` մինչեւ 2 000 աստիճան ըստ Ցելսիուսի: Ալիքը տարածվում է 1 000-1 500 մ/վրկ արագությամբ եւ մոտ 1կմ շառավղով հալեցնում է սառույցի բյուրեղները, որոնք, խոշորանալով, պետք է դառնային կարկուտ): Գ.Այվազյանը հայտնեց, որ «Բարվա»-ում նախատեսվում է մոնտաժել եւ ընկերության տարածքում տեղակայել 10 կիլովատ հզորության արեւային փորձնական էլեկտրակայան, որի հիմքն արդեն տեղակայված է: Նշվեց նաեւ, որ «Տրանզիստոր Պլյուս» ընկերությունը նախատեսում է առաջիկա մի քանի ամսվա ընթացքում սկսել Հայաստանում առաջին, 100 կիլովատ հզորությամբ արեւային էլեկտրակայանի կառուցումը` Երեւանի «Մարս» գործարանի մոտ գտնվող բարձրավոլտ բաշխիչ ենթակայանի հարեւանությամբ, ինչը կհեշտացնի արեւային կայանի արտադրած էլեկտրաեներգիայի մուտքը ցանց: Գ.Այվազյանը նաեւ հավելեց, որ «Բարվա»-ն ունի ընդլայնվելու հեռանկարներ: Այնտեղ իրականացնում են նաեւ սարքաշինության ոլորտի աշխատանքներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն