Ն.Երիցյան. Հայաստանն ունի դեղագործության եւ զբոսաշրջության<br /> ոլորտները զարգացնելու ներուժ<br />


Ն.Երիցյան. Հայաստանն ունի դեղագործության եւ զբոսաշրջության
ոլորտները զարգացնելու ներուժ

  • 07-03-2009 21:35:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ տնտեսության արտահանման ներուժի մեծացման եւ դիվերսիֆիկացման տեսակետից շատ կարեւոր են տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ դեղագործության ոլորտները: Դեղագործության ոլորտում արտադրության ծավալները մեծացնելու հնարավորությունները կապված են համաշխարհային շուկայի աճող պահանջարկի հետ: Այս մասին մարտի 7-ին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «Լիկվոր» դեղագործական ընկերություն այցից հետո: Նախարարը պարզաբանեց, որ զանգվածային արտադրության դեղերի համաշխարհային շուկան տարեցտարի ընդլայնվելու է, մեծանալու է առողջապահական ծառայություների պահանջարկը եւ ներկայումս աշխարհում կա դեղերի որոշակի պակասուրդ: «Արտադրական, տեխնոլոգիական եւ գիտական հնարավորություններ, բարձր գիտելիքներով օժտված աշխատուժ, կադրերի պատրաստման համալսարանական ներուժ ունեցող երկրները դեղագործության եւ զբոսաշրջության ոլորտները սահմանում են որպես առաջնահերթություն: Մենք այդ ներուժն ունենք, եւ հույս ունենք, որ դրա զարգացմանը զուգընթաց հնարավոր կլինի անցում կատարել մեր կողմից ստեղծված դեղերի վաճառքին: Բայց դրան հասնելու համար ժամանակ կա»,-նշեց Ն.Երիցյանը: Նրա խոսքերով, Հայաստանի դեղագործության ոլորտի ընկերությունները նշված ներուժի օգտագործման շնորհիվ կարող են արագ ընդլայնվել, ներդրումներ կատարել գիտատեխնոլոգիական մշակումների մեջ եւ թողարկել սեփական ապրանքանիշով դեղորայքի մի քանի տեսակներ` շատ ավելի բարձր գնով: Նշվեց նաեւ, որ հայկական ընկերություններն ունեն նաեւ ներքին շուկայում առաջին անհրաժեշտության դեղերի շուկայի որոշակի նիշը ծածկելու հնարավորություն: Ն.Երիցյանը նաեւ հավելեց, որ տնտեսության բոլոր ոլորտների ձեռնարկություններն ունեն արտահանման եւ շուկայավարման խնդիրներ, որոնք լուծելու համար կառավարությունը նախատեսում է ցուցաբերել նաեւ ինստիտուցիոնալ օժանդակություն` Զարգացման հայկական գործակալության, Մրցունակության ազգային խորհրդի կարողությունները գործադրելով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play