ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՈՒՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29-01-2007 20:20:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի
հանքավայրերի շահագործման ուղղությամբ դեռ մեծ աշխատանք կա.
անհրաժեշտ է պարզել դրանց շահագործման տնտեսական
արդյունավետությունը: Այդ մասին հայտարարեց ՀՀ նախագահի խոսնակ
Վիկտոր Սողոմոնյանը` հունվարի 29-ին կայացած ասուլիսում:
Պարզաբանելով հունվարի 24-ին ՀՀ եւ ՌԴ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի
եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ արված հայտարարությունները,
Սողոմոնյանը հայտնեց, որ պետք է ստեղծվի հայ-ռուսական հանձնաժողով
ուրանի արդյունահանման հարցերով: Հայաստանի ուրանի պաշարների
հետազոտությունը կատարվել է դեռեւս խորհրդային շրջանում, եւ այդ
ժամանակվանից պատկան գերատեսչությունում, որի իրավահաջորդը
ներկայիս «Ռոսատոմն» է, պահվում են դրանց առկայությունը հաստատող
փաստաթղթեր:
Սողոմոնյանի խոսքերով, այդ հանքավայրերի շահագործումը կընձեռի
Հայկական ատոմակայանի վառելիքի պաշարները համալրելու
հնարավորություն: Միաժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանում ուրան
չի հարստացվելու:
Նշենք, որ Հայաստանում ուրանի պաշարների հետազոտություն
անցկացնելու հարցով հետաքրքրություն էր ցուցաբերել նաեւ Global
Gold Corporation ամերիկյան ընկերությունը: