«2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ ՋԱՆՔ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ<br /> ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ,- ԱՍՎԱԾ Է <br /> «HUMAN RIGHTS WATCH»-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ<br />


«2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ ՋԱՆՔ Է ԳՈՐԾԱԴՐԵԼ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ,- ԱՍՎԱԾ Է
«HUMAN RIGHTS WATCH»-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ

  • 12-01-2007 17:57:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հունվարի 11-ին հրապարակված զեկույցում արձանագրած է, որ «2006թ.-ի ընթացքում Հայաստանի կառավարությունը քիչ ջանք է գործադրել` մարդու իրավունքների էական խախտումները կանխելու ուղղությամբ»: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, զեկույցի հեղինակները փաստում են, որ «մամուլի ազատության սպառնալիքները շարունակվել են, ավելացել է բռնությունների ու ճնշումների ենթարկված լրագրողների թիվը, էլեկտրոնային լրատվամիջոցները դեռ իշխանությունների հսկողության տակ են եւ աչքի են ընկնում բազմակարծության պակասով»: Զեկույցում նշված է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, ինչպես նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի բոլոր անդամները նշանակվում են երկրի նախագահի կողմից, իսկ իշխանության վերահսկողության պատճառով Հանրային հեռուստատեսությունը բավարար չափով անկախ չէ` իրադարձությունները անաչառ եւ բազմակողմանի լուսաբանելու համար: Լրագրողների դեմ իրականացված բռնությունների թվում միջազգային կազմակերպությունը մատնանշում է Վանաձորի «Lոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանի ու «Չորրորդ իշխանության» լրագրող Գագիկ Շամշյանի դեմ հարձակումները, «Իրավունք»-ի խմբագրի ծեծն ու «Ժամանակ Երեւան»-ի խմբագրի ազատազրկումը: Նշված բոլոր դեպքերում, ըստ կազմակերպության փորձագետների, լրագրողները բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեության պատճառով: «Շարունակվում են բռնությունները նաեւ կալանավայրերում, բանակում եւ ոստիկանության բաժանմունքներում»,- ասված է զեկույցում: Մայիսի 30-ին ցմահ բանտարկության դատապարտված երեք զինվորներից մեկին, ըստ զեկույցի, քննիչները ծեծել են եւ ցուցմունքները կորզել բռնաբարության սպառնալիքի տակ: «Human Rights Watch»-ի փորձագետներն անդրադարձել են նաեւ սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերին. «Անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ստիպեց հարյուրավոր երեւանցիների լքել իրենց տները` դրա դիմաց վճարելով շուկայականից ցածր գին: Ու թեեւ Սահմանադրական դատարանն այս գործընթացը անօրինական որակեց, կառավարությունը, այդուհանդերձ, չվերանայեց սեփականության դիմաց քաղաքացիներին տրամադրված փոխհատուցման չափը»: Զեկույցում հիշատակվում է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանի պաշտոնանկության փաստը: «Այն բանից հետո, երբ առաջին օմբուդսմենի գրասենյակը հանդես եկավ կառավարության աշխատանքը քննադատող զեկույցով, նախագահի եւ Լարիսա Ալավերդյանի հարաբերությունները սրվեցին, եւ 2006-ի հունվարին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ արեց Լ.Ալավերդյանին: Քայլ, որը կասկածի տակ է առնում Հայաստանի իշխանությունների ստանձնած պարտավորությունը անկախ օմբուդսմենի ինստիտուտ ունենալու վերաբերյալ»,- նշված է «Human Rights Watch»-ի տարեկան զեկույցում:
Նոյյան տապան  -   Հասարակություն