ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ<br /> ՄԱՍԻՆ<br />


ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ
ՄԱՍԻՆ

  • 14-12-2006 20:55:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիան կուրիեր» -ի հրատարակիչ Այս շաբաթ մենք ներկայացնում ենք Երեւանի ամերիկյան դեսպանատան կողմից պատրաստված` ամերիկահայ համայնքին նվիրված ծառայողական ուսումնասիրության երրորդ եւ վերջին մասը: Ուսումնասիրությունը մատնանշում է համայնքի կարեւորությունը, քանի որ այն ունի ազդեցություն Հայաստանի եւ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների վրա: Ուսումնասիրությունը համայնքը բաժանում է յոթ խմբերի: Մնացած չորս խմբերը ներկայացվում են ստորեւ: 4) «Փոքր, բայց ուժեղ - Հայկական բողոքական համայնք» Ուսումնասիրությունը նշում է. «Միացյալ Նահանգներում կազմելով հայ համայնքի միայն մոտ 10-15%-ը, Հայ Բողոքականների Համայնքը. համաձայն տարածված կարծիքի, համարվում է ԱՄՆ սփյուռքի ամենահին եւ աչքի ընկնող մասերից մեկը»: ... Այս համայնքի ամենաուժեղ աջակից կենտրոնները Նյու-Ջերսիում եւ կենտրոնական ու հարավային Կալիֆոռնիայում են: Այս խումբը հիմնականում ակտիվ լինելով ցեղասպանության իրազեկման, ճանաչման եւ ուսումնասիրման հետ կապված նախաձեռնություններում, չի զբաղվում Հայաստանին առնչվող հատուկ քաղաքական հարցերով: Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) (Armenian Missionary Association of America (AMAA)) պնդում է որ կազմակերպչական կապեր ունի հայ բողոքական եկեղեցիների մեծ մասի հետ հետ եւ իրականացնում է կրթական ու մարդասիրական նախագծեր ի շահ հայ համայնքներին Հայաստանի Հանրապետությունում եւ սփյուռքում: Փորձագետների մեծ մասը համակարծիք են, որ այս խումբը Միացյալ Նահանգներում իր համեմատաբար երկար պատմության շնորհիվ ունի ամենաուժեղ ֆինանսական հիմքերը եւ այսօր ԱՄՆ-ում առավել բարձրակարգ մասնագետների ամենաբարձր տոկոսը: «Հայ ավետարանչական միությունը» (ՀԱՄ) ներկայացնում է Հայկական Բողոքական Համայնքի ավելի փոքր մի մասը: Ինչպես եւ ԱՀԱԸ միաբանություններին հարող կազմակերպությունները, ՀԱՄ-ի համայնքները եւս հովանավորում են տեղական մշակութային եւ կրթական նախաձեռնություններ, ինչպես նաեւ մարդասիրական գործողություններ Հայաստանի Հանրապետությունում:» 5) «Ամերիկահայ կաթոլիկ կազմակերպություններ» Ուսումնասիրությունը հաղորդում է. «Միացյալ Նահանգներում բնակվող հայ կաթոլիկները ներկայացնում են ամերիկահայ համայնքի մի փոքր մասը (անդամների թիվը մոտ 35000): Այնուհանդերձ 1990թ.-ի վերջերին ընդլայնելով եւ ուժեղացնելով իր հասարակական եւ հիմնական կառուցվածքը, խումբը դարձավ լավ կազմավորված կառույց, որը պաշտպանում է քաղաքական եւ հասարակական պահպանողական արժեքները, Լիբանանում գտնվող Հայ կաթոլիկ պատրարքարանի դավանանքին համահունչ:» Ուսումնասիրությունը նշում է, որ Միացյալ Նահանգներում կան 10 հայ կաթոլիկ ծխական համայնքներ, որոնց մեծ մասը Նյու-Յորքում, Լոս-Անջելեսում, Բոստոնում եւ Նյու-Ջերսիում են: 6. «Կայացման փուլում գտնվող մասնագիտական եւ մշակութային կազմակերպություններ» Ուսումնասիրությունը նշում է, որ «Կայացման փուլում գտնվող մասնագիտական եւ մշակութային կազմակերպությունների աճող թիվը վերջին երկու տասնամյակների ընթացքում փոխել է ամերիկահայ համանքի դեմքը ... Այնպիսի խմբեր, ինչպիսիք են Հայկական ցանցը, Հայ փաստաբանների միությունը, Ամերիկահայ կանանց միջազգային միությունը եւ Հայկական մասնագիտական եւ ուսանողական միությունները հաղորդում են իրենց անդամների թվի աճի մասին եւ ընդլայնում իրենց գործունեությունը»: 7) «Մարդասիրական խմբեր եւ մասնավոր հիմնադրամներ» Ուսումնասիրությունն առանձնացնում է «Միացյալ հայկական ֆոնդը» (ՄՀՖ)` բարձր գովասանքի արժանացնելով ու նշելով, որ ՄՀՖ-ը «ամերիկահայ կազմակերպությունների շարքում եզակի տեղ ունի.......Կենտրոնացած լինելով մարդասիրական նախագծերի վրա, այն համայնքում ըստ էության համընդհանուր աջակցություն է վայելում»: Ուսումնասիրությունն այնուհետեւ անդրադառնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ներկայացնելով այն որպես «պետության եւ մասնավոր անձանց խառը հիմնադրամ, որը քաղաքական նշանակալի օժանդակություն է ստանում Հայաստանի կառավարությունից, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի սփյուռքի խմբերից: 1990թ. սկզբներից ի վեր այն Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում մարդասիրական եւ ենթակառուցվածքների զարգացման նախագծերի համար հանգանակություններ է անում: Խումբը կազմվել էր այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդականների կողմից որպես մեխանիզմ` մոբիլիզացնելու սփյուռքի ֆինանսական աջակցությունը: Թեեւ այս կառույցը ենթակա է որոշ ներքաղաքական ճնշման եւ կան ձայներ որ նրա ֆինանսական կառավարումը անսխալ չէ, «Հայաստան» հիմնադրամը սփյուռքի միջազգային կազմակերպությունների շրջանում պահպանել է շատ բարձր հեղինակությունը եւ Լոս-Անջելեսի ամերիկահայերը կազմակերպությոն ղեկավարման խորհրդում ազդեցիկ դեր են խաղում: Հիմնադրամի հեռուստամարաթոնային հանգանակությունը կազմակերպվում է աշխարհով մեկ` կաբելային ցանցերի միջոցով սփռվելով այն քաղաքներում, ուր մեծ հայկական համայնքներ կան: Ուսումնասիրությունն այնուհետեւ նշում է. «Առանձին ամերիկահայեր շարունակում են Հայաստանի վրա շոշափելի ազդեցություն ունենալ մասնավոր հիմնադրամների միջոցով` ինչպիսիք են «Լինսի» հիմնադրամը եւ «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը»: Ապա հիշատակվում են բազմամիլիոն նախագծերը, որոնք ֆինանսավորվում են այս երկու հիմնադրամների միջոցով` «Լինսի» հիմնադրամն անվանելով «երկրում արտասահմանյան ամենաազդեցիկ նվիրատուներից մեկը», իսկ «Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը»` «Հայաստանի մշակույթի եւ քաղաքային պլանավորման ոլորտում մի խոշոր դերակատար»: Ուսումնասիրության եզրակացությունը. Ուսումնասիրությունն ավարտվում է հետեւյալ եզրափակիչ մեկնաբանություններով. «Ամերիկահայ սփյուռքի հետ ընդհանուր առմամբ գործակցելը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության ռազմավարության մի կարեւոր կողմը` արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման եւ հասարակական հարաբերությունների ոլորտներում: Հայաստանի կառավարությունը խորացրել է իր ջանքերը` ամերիկահայ համայնքի հետ համագործակցելով գիտաժողովների եւ քարոզչական ձեռնարկների միջոցով, նաեւ արտգործնախարարությունում մասնագիտացված գրասենյակ հիմնելով: Թեեւ Հայաստանի կառավարության քաղաքական պաշտոնյաների մեծ մասը գիտակցում է ԱՄՆ կառավարության քաղաքականության եւ սփյուռքի քաղաքականության միջեւ տարբերությունը, նրանք նաեւ բարձր են գնահատում այն ազդեցությունը, որը վերջինը թողնում է առաջինի վրա: Բոլոր նշանները վկայում են, որ ՀՀ կառավարությունը, ԱՄՆ-Հայաստան երկկողմանի հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, միտում ունի ամերիկահայ համայնքում դիտվող այս գործընթացները ծառայեցնել իր շահերին:»
Նոյյան տապան  -   Վերլուծություն