ՀԲ-Ի ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՐԴԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԵՆ ՀՀ-Ի ՔԱՂԱՔԱՅԻՆ
45 ԴՊՐՈՑՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
12-12-2006 19:30:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի
Քաղաքային ջեռուցման վարկային ծրագրի շրջանակներում վերջին մեկ
տարում վերականգնվել են հանրապետության քաղաքային 45 դպրոցների
ջերմամատակարարման համակարգերը: Ինչպես դեկտեմբերի 12-ին
լրագրողներին հայտնեց ծրագիրն իրականացնող Վերականգնվող
էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա
Բաբայանը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 47
քաղաքների 100 դպրոցների ջերմամատակարարման համակարգերը: Ծրագրի
ընդհանուր արժեքը 6,2 մլն ԱՄՆ դոլար է, որից 5 մլն դոլարը` ՀԲ-ի
վարկն է, մնացածը ՀՀ կառավարության համաֆինանսավորումը:
Ըստ Թ.Բաբայանի, 2005թ.-ի տվյալներով հանրապետության
քաղաքների, բացի Երեւանից, 202 դպրոցներ, որտեղ սովորում են մոտ 87
հազար աշակերտներ, ջեռուցման խնդիր ունեն:
Հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ մեկ դպրոցի
ջերմամատակարարման վերականգման համար ծախսվում է մոտ 19 մլն դրամ
(մոտ 50 հազար ԱՄՆ դոլար):