ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՍՊԱՆՈՒԹՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՌԴ-Ի
ԻՐԱՎԱՊԱՀՆՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԱՅԼ ԵՐԱՆԳ,- ԱՍՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆԸ
01-12-2006 16:53:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ռուսաստանի իրավապահ
մարմինները հայերի դեմ ազգամիջյան հողի վրա կատարվող
սպանությունները փորձում են ներկայացնել այլ երանգներով, սակայն
ակնհայտ է, որ դրանք ծանրացուցիչ հանգամանքներում կատարված
սպանություններ են»: Այս մասին դեկտեմբերի 1-ի ասուլիսում հայտնեց
ռուսաստանյան «Լեքս» փաստաբանների միության նախագահ, նոյեմբերի
11-ին Մոսկվայում սպանված 15-ամյա Նարեկ Քոչարյանի ընտանիքի շահերը
ներկայացնող Սիմոն Ծատուրյանը: Նա միաժամանակ նշեց, որ հիմքեր չկան
ենթադրելու, որ այդ սպանություններն ուղղված են հատուկ հայերի դեմ:
Ս.Ծատուրյանի խոսքերով, այս տարի Մոսկվայում Վիգեն
Աբրահամյանցի, Արթուր Սարդարյանի եւ Ն.Քոչարյանի դաժան
սպանություններին նույնպես իրավապահները փորձել են տալ կենցաղային
բնույթ, այդ իսկ պատճառով էլ քննությունը ճիշտ ուղղությամբ չի
ընթացել: Փաստաբանը համոզված է, որ եթե նմանատիպ գործերը ժամանակին
բացահայտվեին, ապա հնարավոր կլիներ կանխել այլ
հանցագործություններ, օրինակ Չերքիզովյան շուկայում պայթունը:
Ս.Ծատուրյանը նշեց նաեւ, որ այսօրվա դրությամբ բացահայտված է միայն
Վ.Աբրահամյանցի սպանությունը, իսկ Ն.Քոչարյանի սպանության գործով
դեռեւս ձերբակալվածներ չկան: Ի դեպ, պարզվել է, որ Վ.Աբրահամյանցի
սպանության գործով մեղադրվողները մասնակցել են Չերքիզովյան
շուկայում իրականացրած պայթունին: