ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՈՒՆԻ<br /> ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՆԵՐԻ ՀԱՅՏՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ<br />


ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՈՒՆԻ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՆԵՐԻ ՀԱՅՏՆԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ

  • 30-11-2006 16:54:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Աշխարհի հայտնի օպերային թատրոնների բեմահարթակներում հանդես եկած եւ բազում հանդիսատեսներ նվաճած երգչուհի Հասմիկ Պապյանը կրկին Հայաստանում է. նա հրավիրվել էր մասնակցելու Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի 50 եւ 80-ամյակներին նվիրված հոբելյանական համերգին: Այս մասին նոյեմբերի 30-ին «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց երգչուհին: Աշխարհահռչակ սոպրանոն մինչեւ 2009 թվականը ներառյալ պայամանագրեր ունի եվրոպական եւ աշխարհի մյուս մայրցամաքների հայտնի օպերային թատրոնների հետ: Երեւանյան կարճատեւ դադարից հետո նա համերգներով հանդես կգա ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում: Ներկայումս աշխարհի գրեթե բոլոր երկրներում վաճառվում է նրա մասնակցությամբ «Նորմա»-ի DVD սկավառակը: Իսկ Կոմիտասի երգերի կատարումների վերջերս թողարկված լազերային սկավառակը արժանացել է «Պիցեկատո» առաջին մրցանակին: Հասմիկ Պապյանը նշեց, որ իր համար առանձնահատուկ պատիվ է Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ կայանալիք համերգին մասնակցելը: «Ես այդ առիթով մի հետաքրքիր ծրագիր եմ պատրաստել` հայկական երգերի ընտրանի` միջնադարյան շարականներից, Կոմիտասյան երգերից մինչեւ Մանսուրյանի հայրենները: Դա այնպիսի մի ծրագիր է, որով օտարերկրացիները լիարժեք կպատկերացնեն հայկական երգարվեստը»,- ընդգծեց երգչուհին: Հ.Պապյանը իրեն հատուկ համեստությամբ նշեց, որ ինքը չի կարծում, թե հասել է ամեն ինչի արվեստի այդ ասպարեզում: «Ամեն մի համերգ ինձ համար առաջինն է: Թեեւ 20 տարի է արդեն բեմում եմ, սակայն ամեն անգամ մեծ պատասխանատվությամբ եմ բեմ բարձրանում: Ցանկանում եմ երկար մնալ բեմում եւ կատարել Վագների օպերաներից մեկը, հատկապես իմ երազած «Տրիստան եւ Իզոլդա»-ից Իզոլդայի դերերգը»,- ասաց նա: Նշենք, որ Հասմիկ Պապյանը ներկայումս Նորմայի դերերգի ամենահայտնի կատարողն է: Նա այդ դերով 172 անգամ հանդես է եկել աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play