ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ 16-ՕՐՅԱ<br /> ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ 16-ՕՐՅԱ
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

  • 27-11-2006 17:32:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների համաձայն, առնվազն երեք կանանցից մեկը ֆիզիկական բռնության է ենթարկվում իր կյանքի ընթացքում: Այս մասին նշվեց Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի մեկնարկման առթիվ Երեւանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Ինչպես նշեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արծվիկ Մինասյանը, մեր հասարակության մեջ եւս կանայք ավելի ռիսկային գոտում են գտնվում, քան տղամարդիկ: Ու թեեւ Հայաստանի Սահմանադրությունը եւ մյուս օրենքները արգելում են սեռային խտրականությունը, բռնությունը եւ հավասար իրավունքներ են սահմանում կանանց եւ տղամարդկանց համար, այնուամենայնիվ կանայք շարունակում են բռնության ենթարկվել: Ըստ Ա.Մինասյանի, գենդերային բռնության ոլորտում կան լուծում պահանջող մի քանի խնդիրներ, որոնցից ամենակարեւորը պետական համապատասխան վիճակագրության բացակայությունն է, ինչպես նաեւ սոցիոլոգիական եւ գիտական հետազոտությունների պակասը: Ըստ Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա քարոզարշավի համակարգող Ջինա Սարգիզովայի, բռնության ենթարկված կանանցից շատերը բարձրաձայն չեն խոսում իրենց հետ կատարվածի մասին, ինչի հետեւանքով վիճակագրական տվյալները հաճախ լիարժեք եւ հավաստի չեն: Քարոզարշավի հիմնական նպատակն է ընդգծել բռնության մասին խոսելու կարեւորությունը` որպես դրա դեմ պայքարելու միջոց: Քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի միջազգային օրը, եւ տեւելու է մինչեւ դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: 16-օրյա քարոզարշավի ընթացքում նախատեսվում է նշել նաեւ դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը, դեկտեմբերի 2-ը` Ստրկության` թրաֆիքինգի վերացման միջազգային օրը եւ դեկտեմբերի 6-ը` «Մոնրեալյան կոտորածի» օրը (երբ մի տղամարդ սպանել է 14 ինժեներ ուսանողուհիների «ֆեմինիստ լինելու համար»): Նշենք, որ այսօր ՁԻԱՀ-ով հիվանդ է 38,6 մլն մարդ, որոնց 48%-ը կանայք են: Իսկ թրաֆիքինգի ամեն տարի ենթարկվում է 4 մլն մարդ, մեծամասամբ` կանայք: Ասուլիսի ժամանակ ընթերցվեց 16-օրյակի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հղած ուղերձը, որում նշվում է, որ կանանց նկատմամբ բռնության վտանգը սպառնում է մարդկությանը յուրաքանչյուր աշխարհամասում, յուրաքանչյուր երկրում եւ յուրաքանչյուր մշակույթում` անկախ մարդկանց եկամտի չափից, դասակարգային, ռասայական կամ էթնիկ պատկանելությունից: «Այնտեղ, որտեղ կա բռնություն կանանց նկատմամբ, խոսք անգամ չի կարող լինել քաղաքակիրթ հասարակության մասին»,- ասվում է ուղերձում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play