ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵՑ «ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԵՎ ԳԼՈԲԱԼ<br /> ՄԱՐՏԱՀԱՎԵՐՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵՑ «ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԵՎ ԳԼՈԲԱԼ
ՄԱՐՏԱՀԱՎԵՐՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

  • 31-10-2006 13:56:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացվող «Նոր սպառնալիքները եւ գլոբալ մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով միջազգային երկօրյա խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ տարածաշրջանի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման ուղիները: Խորհրդաժողովը կազմակերպել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակը, որի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի բնորոշմամբ, այսօր հայության եւ ողջ մարդկության գերխնդիրը մտավոր ներուժի միավորումն է, քանի որ միայն այդպես հնարավոր կլինի դիմակայել 21-րդ դարի մարտահրավերին: Ինչպես հոկտեմբերի 31-ին, խորհրդաժողովի առաջին աշխատանքային օրը, հայտարարց ռազմա-քաղաքական փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, աշխարհում չկա այնպիսի երկիր, որը միայնակ կկարողանա լուծել ներկայումս մարդկության առջեւ ծառացած երեք հիմնական խնդիրները. գլոբալիզացիա, տեղեկատվական հեղափոխություն, պայքար ահաբեկչության դեմ: Նրա խոսքերով, «մեր օրերում երկրներին ավելի շատ համագործակցություն է պետք, ավելի քիչ` մրցակցություն»: Ըստ Ռ.Կիրակոսյանի, Հայաստանը պետք է հաղթահարի նախ եւ առաջ ներքին հիմնախնդիրները` կապված ժողովրդագրական աճի խթանման, բնական ռեսուրսների պահպանման, գիտության եւ տեխնիկայի զարգացման, ինչպես նաեւ ժողովրդավարական կառավարում իրականացնելու հետ: Քաղաքական արդար ընտրությունների առաջին նախապայմանը, ինչպես ընդգծեց Ռ.Կիրակոսյանը, քաղաքական կամքի առկայությունն է: Կառավարման արդյունավետության բարձրացման կարեւորությունն ընդգծեց նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ ըստ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տվյալների ժամանակակից աշխարհին հուզող խնդիրները յոթն են, եւ դրանցից առաջինը վերաբերում է կառավարման արդյունավետությանը: Մյուս խնդիրները, ինչպես ներկայացրեց Տ.Սարգսյանը, առնչվում են աղքատության վերացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, իսլամիզմի հողի վրա ծագած ահաբեկչության դեմ պայքարին եւ այլն: Համաշխարհային գործընթացները, ՀՀ ԿԲ-ի նախագահի կանխատեսմամբ, զարգանալու են կամ միաբեւեռ` ԱՄՆ-ի գերիշխանությամբ, կամ քաղաքակրթությունների երկխոսության արդյունքում ստեղծված մի քանի բեւեռներով` ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան: Երկրորդ դեպքում, ըստ Տ.Սարգսյանի, Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե որ քաղաքակրթությանն է ինքը պատկանում, կամ էլ հանդես գա որպես առանձին քաղաքակրթության կրող:
Նոյյան տապան  -   Հասարակություն