ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒԺԵՂԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ՎՐԱ<br />


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՒԺԵՂԱՑԵԼ Է ՃՆՇՈՒՄԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ՎՐԱ

  • 20-10-2006 14:10:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ազգային հեռուստառադիոխորհրդի (ԱՀՌԽ) ադրբեջանական հեռուստառադիոընկերությունների հաճախություններով արեւմտյան ռադիոկայանների ծրագրերի հեռարձակումը դադարեցնելու անհրաժեշտության մասին որոշումը անօրինական է, «Դեյ.ազին» տված բացառիկ հարցազրույցում նշել է Մամուլի իրավունքների ինստիտուտի տնօրեն, իրավագետ Ռաշիդ Հաջիլին: Ըստ նրա, «Հեռուստառադիոհեռարձակման մասին» օրենքով հեռուստառադիոընկերություններն իրավունք ունեն վերահեռարձակելու արտասահմանյան ալիքները: Անհասկանալի է մնում միայն «Ազատություն», Բի Բի Սի եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայաններին վերաբերող արգելքի մասին ԱՀՌԽ որոշումը, մինչդեռ երկրում գործում են եւ այլ արտասահմանյան ռադիոկայաններ: Իրավագետի կարծիքով, ԱՀՌԽ որոշումը քաղաքական բնույթ ունի, քանի որ այդ ռադիոկայանները հեռարձակում են հիմնականում ադրբեջաներեն եւ նրանց ծրագրերն ավելի շատ քաղաքական ուղղվածություն ունեն: Վերջին ժամանակներս հստակ նկատվում է, որ ANS հեռուստառադիոընկերության վրա ճնշում է գործադրվում: Մի կողմից ԱՀՌԽ-ն չի ցանկանում երկարացնել այդ ալիքի լիցենզիան, մյուս կողմից` անվերջ հարկային ստուգումներ են: Ռ.Հաջիլին այստեղ էլ չի բացառում այդ ճնշման քաղաքական պատճառները: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում նորից ուժեղացել է ճնշումը ԶԼՄ-ների վրա, որը, Ռ.Հաջիլիի կարծիքով, կապված է հասարակության մեջ ԶԼՄ-ների աճող դերակատարության հետ: «Ես չեմ կարծում, որ միջազգային կազմակերպությունները անտարբեր կմնան Ադրբեջանում խոսքի ազատության վատթարացման նկատմամբ: Եվ ԶԼՄ-ների շուրջ նման իրավիճակի շարունակումը կարող է վնաս հասցնել մեր երկրի հեղինակությանը»,- նկատել է իրավագետը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play