ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ<br /> ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԹՈՒՐՔ ԳՐՈՂ ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԸ<br />


ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԹՈՒՐՔ ԳՐՈՂ ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒԿԸ

  • 12-10-2006 17:17:00   | Շվեդիա  |  Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայում հայտարարվել է 2006 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Այն շնորհվել է թուրք գրող Օրհան Փամուկին «իր մելամաղձոտ քաղաքի հոգու որոնումների» համար: Նա կստանա մոտ 1,1 մլն. դոլար: Օրհան Փամուկը (ծնվել է 1952 թվականի հունիսի 7-ին Ստամբուլում) ժամանակակից թուրք գրող է, պոստմոդեռնիզմի ներկայացուցիչ, թուրքական մի քանի գրական մրցանակների դափնեկիր: Հայտնի է ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտասահմանում, նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան քառասուն լեզուներով,- հաղորդվում է Wikipedia կայքում: Գրողը չի թաքցնում իր քաղաքացիական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայում քրդերի խտրականության առնչությամբ, որի առթիվ թուրքական կառավարությունը նրան դատի է տվել: Անցած տարվա վերջին Ստամբուլի դատարանը, որտեղ ապրում է գրողը, Փամուկի համար պահանջել է 6-ից մինչեւ 36 ամիս բանտարկություն Թուրքիայի ՔՕ հոդվածների հիման վրա երկրի «հրապարակային սեւացման համար»: 2006 թվականի հուլիսին Ստամբուլի դատարանը արդարացրեց գրողին, որ մեղադրվում էր «թուրք ազգին բարոյական վնաս հասցնելու» համար: Գրողի դեմ մեղադրանք առաջադրելու համար առիթ էր դարձել նրա հարցազրույցը շվեյցարական Tages Anzeiqer թերթին, որ հրապարակվել էր անցած տարվա փետրվարին: «Երեսուն հազար քրդեր եւ մոտ մեկ միլիոն հայեր են սպանվել այս հողերի վրա, եւ ոչ ոք, բացի ինձնից, չի համարձակվում այդ մասին խոսել»,- հայտարարեց գրողը: Իր այս բառերը բացասական արձագանք են առաջացրել թուրքական քաղաքական շրջանակներում, նախ եւ առաջ ազգայնական: Թուրքիան ավանդաբար ժխտում է 1915 թվականին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները: Փամուկի դատավարությանը հետեւում էր Եվրոպական միությունը, որտեղ հայտարարում էին, որ գրողի նկատմամբ դատավարությունը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է: Անցած տարվա դեկտեմբերին Փամուկին աջակցություն հայտնեցին մի խումբ աշխարհահռչակ գրողներ, այդ թվում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Խոսե Սարամագոն, Գաբրիել Գարսիա Մարկեսը եւ Գյունտեր Գրոսը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play