ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
09-10-2006 17:17:00 | Կորեա | Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առաջին անգամ ԿԺԴՀ-ն իր
պատմության մեջ իրականացրել է միջուկային փորձարկում` երկրի
հյուսիս-արեւելքում իրականացրել է ստորերկրյա միջուկային պայթյուն:
Սկզբում հարավկորեական սեյսմաբանական տվիչները գրանցել են
երկրակեղեւի տատանումներ: Հարավկորեական մասնագետների տվյալներով,
դիտվել է 3,58 բալ ուժգնության երկրաշարժ:
Փորձարկումները կայացել են տեղական ժամանակով 10:36-ին երկրի
հյուսիս-արեւելքում` Համգեն-Պուկտո նահանգի Կիլջու քաղաքի մոտ
գտնվող Խվադերի փորձարանում:
Շատ չանցած ԿԺԴՀ պաշտոնական իշխանությունները հաստատել են
միջուկային պայթյունի փաստը` ավելացնելով, որ փորձարկումներն անցել
են բարեհաջող եւ տեղանքի ռադիացիոն վարակման վտանգ չկա:
ԿԺԴՀ-ի իրականացրած պայթյունի առնչությամբ Հարավային Կորեայի
կառավարությունը հավաքվել է արտակարգ նիստի:
Հիշեցնենք, որ Փհենյանը նախկինում եւս հայտարարել է գիտական
նպատակներով փորձարկումներ անցկացնելու մտադրության մասին:
Տարածաշրջանի երկրները, ինչպես նաեւ միջազգային
կազմակերպությունները փորձում էին ետ պահել ԿԺԴՀ իշխանություններին
այդ քայլից, սակայն նրանք համենայն դեպս որոշեցին փորձարկումներն
իրականացնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: