Արամ Հարությունյան. «Երկխոսությունն ուշացած է. այն պետք է լիներ մարտի 1-ից առաջ»


Արամ Հարությունյան. «Երկխոսությունն ուշացած է. այն պետք է լիներ մարտի 1-ից առաջ»

  • 23-07-2011 14:37:42   | Հայաստան  |  Քաղաքական
Ընդդիմությունն ու իշխանությունն օգնում են միմյանց կանգուն մնալու համար: ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը նման որակում տվեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հուլիսի 23-ի ասուլիսում: Ըստ նրա երկխոսությունն ուշացած է, քանի որ այն պետք է լիներ մարտի 1-ից առաջ: «Իշխանությունը շատ ավելի լավ է պատրաստված երկխոսությանը եւ հայտարարում է, որ պատրաստ է քննարկել բոլոր հարցերը»: Ըստ Ա. Հարությունյանի, կգա մի պահ, երբ երկխոսություն այլեւս չի լինի. «Այդ ժամանակ կառաջանա նաեւ երրորդ ուժը, որի բաղադիչներից ենք նաեւ մենք: Անկախ ամեն ինչից մենք ընտրություններին մասնակցելու ենք», ասաց նա, ավելացնելով, «Երկխոսությունը կավարտվի այն ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կզգա, որ պետք է զբաղվի անհատական քարոզարշավով»,- ասաց նա, հավելելով, որ արտահերթ ընտրությունների վտանգ չի տեսնում: «ՀԱԿ-ն արտահերթ ընտրություն էլի կպահանջի. բայց նրանք սպառված են, քանի որ երեք տարի է նույն բանն են պահանջում»: Իսկ այն հարցին թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը նա տեսնում է այդ կազմում Ա. Հարությունյանը պատասխանեց. «Նրանք շատ ավելի բաց են գործում, բայց իրենց համար մի փոքր բարդ կլինի, քանի որ եղել են ՀՀՇ-ի կազմում: Ես չեմ բացառում նրանց հետ համագործակցությունը»: Վերջում անդրադառնալով Ղարաբաղի հարցին, կուսակցության ղեկավարը նշեց, որ այդ հարցում լուրջ առաջխաղացում չի լինելու: «Ես համոզված եմ, որ խնդիրը չի լուծվելու եւ նույնիսկ ձեր թոռնիկն է իմ թոռնիկին այդ նույն հարցը տալու»,- ասաց նա: Ըստ նրա պետք է ուժեղացնել մեր երկիրը ներսից: «Մեր խնդիրները ներսում են, ոչ թե` դրսում»,- եզրափակեց Ա. Հարությունյանը: Նաիրա Հովհաննիսյան
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play