ՄԻՇԵԼ ՊԼԱՏԻՆԻՆ ԱՆՉԱՓ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՖՈՒՏԲՈԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԵՐԻ<br /> ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ <br />


ՄԻՇԵԼ ՊԼԱՏԻՆԻՆ ԱՆՉԱՓ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՖՈՒՏԲՈԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ

  • 03-08-2006 15:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լինելով ՖԻՖԱ-ի եւ ՈԻԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ, զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ այդ կառույցների ծրագրերում, Միշել Պլատինին մեծ ավանդ ունի աշխարհում, այդ թվում` Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում: Այս մասին հուլիսի 3-ին` ընդունելով Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Միշել Պլատինիին, հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա նշել է, Մ.Պլատինին մեծապես նպաստել է հայկական ֆուտբոլի համար բոլոր օգտակար ձեռնարկումների իրագործմանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը կարեւորել է պատվիրակության այցը հատկապես այս ընթացքում, երբ Հայաստանը մեծ շուքով պատրաստվում է Ֆրանսիայում Հայաստանի օրերին: Անդրադառնալով Հայաստանում ֆուտբոլի զարգացման եւ ներդրումային ծրագրերի իրագործմանը, Ա.Մարգարյանը նշել է հատկապես ՖԻՖԱ-ի «Գոլ» ծրագիրը, ՈՒԵՖԱ-ի «Հեթ տրիկ», նաեւ «Փոքր դաշտերի» ծրագրերը, որոնց իրագործումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ընթանում է մեծ թափով եւ զգալի խանդավառություն ու հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի բոլոր մարզերում եւ համայնքերում: Դրանք, ըստ Ա.Մարգարյանի, կարեւոր են այնքանով, որ անցած տարիներին մարզական ենթակառուցվածքների վիճակի վատթարացումից հետո առաջին ծավալուն աշխատանքներն են. արդեն ավելի քան 15 այդպիսի դաշտեր են բացվել, եւ դրանց թիվը հասնելու է 40-ի: ՀՀ վարչապետը ողջունելի է համարել այնպիսի որոշումների ընդունումը ՖԻՖԱ-ի եւ ՈԻԵՖԱ-ի կողմից, որոնք նպաստում են հենց զարգացող երկրներում ֆուտբոլի առաջընթացին, որովհետեւ ֆուտբոլային տերություններն այդ նույն խնդիրներն այլեւս չունեն: Մ.Պլատինին նշել է, որ առաջին անգամ լինելով Հայաստանում, անչափ տպավորված է ֆուտբոլի նկատմամբ հայերի վերաբերմունքով: «Երեկ փոքր դաշտերի բացման ժամանակ տեսանք, թե որքան եռանդ ու սեր կա երեխաների մեջ ֆուտբոլի նկատմամբ, եւ ինչպիսի ջանասիրությամբ են նրանք զբաղվում այդ սպորտաձեւով: Դա խոստումնալից է»,- ասել է Մ.Պլատինին` իր խոսքում հիշատակելով նաեւ ֆրանսիական ֆուտբոլի զարգացմանն իրենց նպաստը բերած հայազգի մի շարք ֆուտբոլիստների: Հանդիպման ավարտին, որին մասնակցել են նաեւ Ֆրանսիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ժան-Լուի Վալենտինը եւ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, երկուստեք պատրաստակամություն է հայտնվել այսուհետ եւս հնարավորության սահմաններում աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը:
Նոյյան տապան  -   Սպորտ