ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ՃԱԿԱՏԱԳԻՐ» ՖԻԼՄԸ ՋԵՐՄ<br /> ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ<br />


ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ՃԱԿԱՏԱԳԻՐ» ՖԻԼՄԸ ՋԵՐՄ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

  • 14-06-2006 20:05:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժման եւ Արցախի խիզախ ժողովրդի մասին պատմող` հայկական իրականության մեջ առաջին «Ճակատագիր» գեղարվեստական ֆիլմի ղարաբաղյան պրեմիերան կայացավ հունիսի 13-ին Ստեփանակերտի Սպայի տան դահլիճում: Գոռ Վարդանյանի հեղինակած այս ֆիլմը, արցախցիների խոսքերով, արտացոլումն է այն պարտադրված, սակայն ճշմարիտ պատերազմի, որի հաղթանակն անկախություն բերեց ամբողջ Ղարաբաղի ժողովրդին: Կինոնկարի ցուցադրությանը ներկա էին պատերազմի մասնակիցներ եւ ականատեսներ, ԼՂՀ կառավարության անդամներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ: Ֆիլմը ներկայացնում է Ղարաբաղյան շարժման սկիզբը եւ նպատակ ունի պատմել համաշխարհային հանրությանը բոլոր այն իրադարձությունները, որ տեղի են ունեցել Արցախում 1990-1991 թթ.: Ֆիլմի սյուժեն կառուցված է իրական պատմության հիման վրա, իսկ գլխավոր հերոսներն ունեն իրենց նախատիպերը: Ռուսական բանակի ներկայությամբ եւ «թողտվությամբ» ադրբեջանական ՕՄՕՆ-ը նախապես «էքստրեմիստ» անվան տակ ձերբակալում է Քարինտակ գյուղի տղամարդկանց, ինչից հետո գիշերով կոտորում գյուղի անպաշտպան մնացած կանանց, երեխաներին ու ծերերին: Ըստ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, այս ֆիլմն առաջին քայլն է Արցախի գոյամարտը միջազգային հանրությանը ներկայացնելու: Նա չխոսեց կինոնկարի գեղարվեստական արժեքների մասին` թողնելով այն կինոգետներին: «Այսօր այս դահլիճում բոլորս վերապրեցինք այն ամենը, ինչ կատարվել է այդ տարիներին: Դահլիճում ներկաներից շատերն արտասվում էին, քանզի նրանց մեծ մասն իր կորցրած հարազատին էր փնտրում այնտեղ»,- ասաց Աշոտ Ղուլյանը: ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերով, քարինտակցիների պայքարը խորհրդանշում է ամբողջ Ղարաբաղյան պատերազմը: «Այս պատերազմը հայ ժողովրդի ճշմարիտ պատերազմներից մեկն է: Տարբեր ժամանակներում հայ ժողովուրդը ունեցել է մի քանի կարեւորագույն ճակատամարտեր: Դրանք բոլորն էլ եղել են հոգու եւ ազատության պատերազմներ: Յուրաքանչյուր սերունդ պետք է կարողանա պաշտպանել իր հաղթանակը եւ փոխանցել եկողներին` որպես հոգու եւ խիզախության օրինակ»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը: «Այս ֆիլմը շատ հաջողված ֆիլմ է, քանի որ այն վերհանել եւ ներկայացրել է այն ճշմարտությունը, ինչ կատարվել է: Կինոնկարը նայելիս ես վերապրեցի այն ամենը, ինչ տեսել եմ իրականում. անձնագրային ռեժիմը, զենք ձեռք բերելը թշնամուց, ժողովրդի զենք վերցնելը եւ իր հարազատ հողի պաշտպանելը, ժողովրդի միաբանությունն ու հավատքը, որ բոլորին առաջնորդեց դեպի հաղթանակը»,- ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը: Ըստ Պարգեւ սրբազանի, այս ֆիլմը պայքարի այսօրվա շարունակությունն է: «Կինոնկարի ղարաբաղյան ցուցադրությունն ինձ համար ավելի պատասխանատու եւ կարեւոր էր, քանի որ ներկա էին հենց այդ պատերազմի մասնակիցները եւ նաեւ պատերազմում զոհվածների հարազատները: Ինձ համար կարեւոր էր նրանց վերաբերմունքը եւ գնահատականը: Ցուցադրությունից հետո հնչած ծափահարությունները ամենամեծ գնահատականն էր ինձ համար»,- հավաստիցրեց Գոռ Վարդանյանը: Ըստ նրա, իր ամենամեծ նպատակն այն է, որ ֆիլմը կարողանա վերահաստատել այն միաբանությունը, որ կար ժողովրդի մեջ այդ տարիներին: «Ես գտնում եմ, որ չավարտված պատերազմի պայմաններում մենք իրավունք չունենք միաբան չլինելու: Դա է մեր գոյության առաջին նախապայմանը»,- համոզված է կինոնկարի հեղինակը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play