ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ<br /> ՄՆԱԼՈՒ ԱՊՀ ԿԱԶՄՈՒՄ<br />


ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ
ՄՆԱԼՈՒ ԱՊՀ ԿԱԶՄՈՒՄ

  • 12-06-2006 13:05:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ԱՊՀ-ն համապատասխանում է սոսկ Ռուսաստանի շահերին: Ադրբեջանը կարիք չունի մնալու այդ կառույցում: Մենք պետք է կատարենք մեր պատմական ընտրությունը եւ դուրս գանք նրանից, ուժեղացնենք մեր ակտիվությունը ՎՈՒԱՄ-ում: Մեզ հարկ է ստեղծել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միություն եվրոպական մոդելի հիման վրա` միասնական արժույթով, մաքսային համակարգով եւ սահմաններով: Այս երեք երկրները կարող են ստորագրել ռազմական փոխօգնության պայմանագիր, որպեսզի ապահովեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ տարանցիկ ուղիների անվտանգությունը: Եթե Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան դուրս գան ԱՊՀ կազմից, ապա անթույլատրելի է, որ Ադրբեջանը մնա ԱՊՀ-ում»: Այս կերպ է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, Ադրբեջանի ժողճակատ կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիեւը, որը բարձրացրել է ԱՊՀ-ից Ադրբեջանի դուրս գալու հարցը, փաստարկում իր պահանջը «Էխո» թերթում: Չհամաձայնելով ՌԴ նախագահի արտաքին հարցերի գծով օգնական Սերգեյ Պրիխոդկոյի այն կարծիքին, որ ԱՊՀ-ն Ռուսաստանին պետք է ոչ ավելի, քան մյուս երկրներին, պատգամավորը նշել է, որ «եթե չլիներ Ռուսաստանի միջամտությունը, Ադրբեջանը վաղուց էր լուծել ղարաբաղյան, Վրաստանը` աբխազական եւ հարավօսական, իսկ Մոլդովան` մերձդնեստրյան խնդիրները: Այս հակամարտությունների ետեւում կանգնած է Ռուսաստանը: ԱՊՀ-ն ձեւավորվեց Ռուսաստանի ճնշման եւ շանտաժի շնորհիվ եւ ներկա պահին այդ կառույցը պետք է սոսկ իրեն»: Հասանգուլիեւի կարծիքով, «միջազգային հանրությունն այսօր թվում է շահագրգռված չէ հակամարտության լուծմամբ: Դա ցույց տվեց եւ Դենիել Ֆրիդի հայտարարությունը, ըստ որի Ադրբեջանը եւ Հայաստանը իրենց բարեկամներն են եւ նրանք մտադիր չեն որեւէ մեկի վրա ճնշում գործադրելու: Նրանք չեն ստիպում Ադրբեջանին ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, բայց եւ չեն ստիպում Հայաստանին որպես ագրեսոր-երկրի ազատել հողերը»: «Մենք պետք է ցուցադրենք բացորոշ դիրքորոշում եւ պաշտոնապես հայտարարենք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ մերձեցման մասին եւ նշենք, որ Ռուսաստանն է կանգնած ղարաբաղյան հակամարտության ետեւում»,- համարում է պատգամավորը: «Մենք պետք է Թուրքիայի հետ լինենք ՆԱՏՕ-ում: Մենք պետք է բացահայտ մեր վերաբերմունքն արտահայտենք Հարավային Ադրբեջանի իրադարձությունների նկատմամբ: Ադրբեջանը պարտավոր է իր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն հայրենակիցների: Եվ անշուշտ, դա չի նշանակում, որ մենք չպետք է քննադատենք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կրկնակի ստանդարտները Հարավային Կովկասի առնչությամբ»,- վճռական գորոծողությունների կոչ անելով ասել է Գ.Հասանգուլիեւը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play