«ՀԱՅՆՐԻԽ ԲՅՈԼ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ<br /> ՆՎԻՐՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ` ԹՈՒՐՔԵՐԵՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ<br />


«ՀԱՅՆՐԻԽ ԲՅՈԼ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ
ՆՎԻՐՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ` ԹՈՒՐՔԵՐԵՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

  • 01-06-2006 19:00:00   | Թուրքիա  |  Միջազգային
ՍՏԱՄԲՈՒԼ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գերմանական «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամը վերջերս թուրքերեն եւ գերմաներեն լեզուներով հրատարակել է «Երբ վիճաբանություններ են ընթանում հայկական հարցի մասին» խորագրով հոդվածների ժողովածուն: Ինչպես հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը, գրքում ընդգրկված է յոթ հիմնական հոդված, այդ թվում Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի «Հայաստան եւ Թուրքիա. երկու երկրներ, որոնք աշխարհագրորեն միանում են իրար, սակայն պատմությամբ հեռանում են իրարից», Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի «Թուրքեր եւ հայեր. երկու մոտիկ ժողովուրդներ եւ երկու հեռավոր հարեւաններ» եւ այլ հոդվածներ: Ինչպես հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը, գրքում հոդված ունի նաեւ թուրք պատմաբան Օսման Քեոքերը, որը գրում է, որ Թուրքիայում ընդհանրապես պատմությունը, իսկ մասնավորապես քաղաքների պատմությունը դասավանդելիս ելակետ է ընդունվում այդ պատմության հիմքում թուրքերի լինելու հանգամանքը: «Այս իրողությանը հանդիպում ենք ոչ միայն նախակրթական դպրոցներում աշակերտներին մատուցված պատմության, այլեւ հանրագիտարանների էջերում: Այս ամենն, անշուշտ, հակասում է այն հիմնական տեսակետին, ըստ որի թուրքերը միայն 11-րդ դարից հետո են եկել Անատոլիա, սակայն ոչ ոք չի կարեւորում այս հարցը»,- նշում է նա: Պատմաբանը պնդում է, որ երբեմն հարկ է լինում նաեւ խոսել ոչ մահմեդական տարրերի մասին, որոնք իրենց տեղն ունեն քաղաքների պատմության մեջ. «Այս դեպքում նույնպես ոչ մահմեդականները պատկերվում են շատ բացասական կերպարով: Ոչ ոք չի ընդունում, որ այդ ոչ մահմեդական տարրերը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել այդ քաղաքների կառուցման գործում եւ կարեւոր դեր են ունեցել քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքում: Այս ոչ մահմեդականները հանկարծ հայտնվում են 20-րդ դարասկզբին եւ անմիջապես սկսում են գործակցել թշնամու հետ եւ թուրքերին հարվածում են մեջքից»: Օսման Քեոքերն ընդգծում է, որ պատմության նման դասավանդումը բնականաբար առաջ է բերում ազգայնամոլական հոխորտանքներ, որոնք ծնում են այլամերժություն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play