«Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնին ռեկորդային թվով մասնակցության հայտեր են ներկայացվել


«Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնին ռեկորդային թվով մասնակցության հայտեր են ներկայացվել

  • 10-06-2011 15:34:31   | Հայաստան  |  Մշակույթ
Հուլիսի 10-17-ին Երեւանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը, որի գործընկերներն են գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը եւ պետական աջակից ՀՀ Մշակույթի նախարարությունը: Կինոփառատոնը կներկայացնի 4 մրցութային ծրագրեր` միջազգային խաղարկային եւ վավերագրական ֆիլմերի, «Հայկական համայնապատկեր» եւ նոր` «Կորիզ», կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերը: «Ոսկե ծիրան»-ի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի խոսքերով, այս տարի ռեկորդային թվերով հայտեր են ստացվել` 630 հայտ 81 երկրից, որոնցից ընտրվել է 150-ը` 45 երկրից: Փառատոնը բացելու է 2010թ. Կաննի փառատոնում մրցանակ շահած աշխարհահռչակ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմը, իսկ փակելու է Վիմ Վենդերսի «Պինա» ֆիլմը, որը կցուցադրվի 3D ձեւաչափով: «Ոսկե ծիրան»-ի միջազգային կապերի պատասխանաատու Տաթեւիկ Մանուկյանը նշեց, որ այս տարի լրանում է Իտալիայի վերամիավորման 150-ամյակը, ինչի կապակցությամբ պատվին փառատոնում իտալական 5 ֆիլմեր են ցուցադրվելու: Քանի որ փառատոնի մշտական հետաքրքրությունների տիրույթում են ուսումնական ծրագրերը, այս տարի կմեկնարկի «Կինոդպրոցներ» ոչ մրցութային նոր ծրագիրը: Ծրագրի շրջանակում կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի ուսանողների ֆիլմերը, իսկ լեհ կինոռեժիսորը վարպետության դաս կանցկացնի երիտասարդ կինոգործիչների հետ: ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին նվիրված արտամրցութային ծրագրի շրջանակում կցուցադրվեն ԱՊՀ երկրներում արտադրված ֆիլմերը: Այս ծրագիրը բացելու է Ալեքսեյ Ուչիտելի «Օսկար»-ի նոմինանտ «Եզերք» ֆիլմը: Եվս մեկ նոր` «Հայացք դրսից», արտամրցութային ծրագրում ընդգրկված են Հայաստանի եւ հայերի մասին արտերկրի ռեժիսորների ֆիլմերը: «Ոսկե ծիրան»-ի փոխտնօրեն Արա Խանջյանն ընդգծեց, որ փառատոնում մեծամասնություն կազմող վավերագրական ֆիլմերի ցուցադրությունները, որոնք շատ հետաքրքիր են, ցավոք, հիմնականում կիսադատարկ դահլիճներում են անցնում: «Մենք այս տարի որոշեցինք վավերագրական ֆիլմերի ծրագրերում զերծ մնալ քաղաքականությունից, կոնֆլիկտային ֆիլմերից` ավելի կենտրոնանալով մարդկային ճակատագրերի վրա` սկսած մեքսիկացի գեներալից մինչեւ Հիմալայներում ապրող հովիվը: Կան նաեւ ստեղծագործող մարդկանց մասին ֆիլմեր»,- նշեց փոխտնօրենը: Այս տարի հայկական ֆիլմերից մրցութային ծրագրում ներկայացված է Արմեն Խաչատրյանի «Երկաթյա դարպաս» վավերագրական ֆիլմը: Հունիսի 20-ից սկսվելու են ֆիլմերի նախնական դիտումները:
Նոյյան տապան  -   Մշակույթ