ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՆՎԱՆԻ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԱՐԱ ՎԱՀՈՒՆԻՆ<br />


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՆՎԱՆԻ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԱՐԱ ՎԱՀՈՒՆԻՆ

  • 13-04-2006 21:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Երեւանում 68 տարեկան հասակում անբուժելի հիվանդությունից վախճանվեց անվանի հայ կինոռեժիսոր, սցենարիստ, գրող Արա Վահունին: Արա Վահունին ծնվել է 1938 թվականի փետրվարի 24-ին անվանի բանաստեղծ, թարգմանիչ եւ երգիծաբան Սուրեն Վահունու ընտանիքում: 1968 թվականին Մոսկվայում Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետն ավարտելուց հետո նա աշխատել է «Հայֆիլմ» եւ «Հայկ» կինոստուդիաներում, նաեւ` ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում: Արա Վահունին ավելի քան 40 վավերագրական, ինչպես նաեւ գեղարվեստական կինոնկարների հեղինակ է, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ: «Վարագույրը չի իջնում» (1973թ.), «Տոհմածառ» (1975թ.), «Էլեգիա» (1978թ.) եւ «Հեռավոր շչակների արձագանքը» վավերագրական ֆիլմերի համար նա արժանացել է Հայաստանի պետական մրցանակին: Արա Վահունու աշխատանքները մրցանակներ են շահել մի շարք կինոփառատոններում: Նշված ֆիլմերից բացի, արժե հիշատակել նրա «Մուսա լեռ-88, կամ վիշապի տարի» (1988թ.) կինոնկարը` ավերիչ երկրաշարժի եւ Ղարաբաղյան շարժման մասին, ինչպես նաեւ անվանի ռեժիսորի վերջին ծավալուն աշխատանքներից մեկը` «Շուրջպար»-ը (2005թ.): Ինչպես տեղեկացանք Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցից, արդեն որոշվել է «Ես եմ» անունը կրող երիտասարդ կինովավերագրողների ամենամյա փառատոնի գլխավոր մրցանակն անվանել «Արա Վահունու մրցանակ»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play