ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ. ԱԶԱՏ ԲԵՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ<br /> ՆՈՐ ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ<br />


ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ. ԱԶԱՏ ԲԵՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ
ՆՈՐ ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ

  • 27-11-2007 18:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանյան թատրոնն այն հազվագյուտ կառույցներից է, ուր կազմակերպչական եւ ղեկավարման տեսակետից որեւէ բան այս 15 տարվա ընթացքում գրեթե չի փոխվել: Այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը համոզված է, որ ղեկավարման կարծրացած ձեւերը ռեֆորմների կարիք ունեն, եւ անհրաժեշտ է որոնել ու գտնել բարեփոխումների ամենաարդյունավետ եւ օպտիմալ ճանապարհը: Ռ.Բաբայանի խոսքերով, թատերական կյանքը կարիք ունի նոր ծնունդի ու զարգացման, քանի որ դա է բնական պրոցեսը. «թատերական խմբերը պետք է ծնվեն, զարգանան եւ կարողանան բնական կյանքով մահանալ»: Իսկ նոր թատերական գաղափարները, նրա համոզմամբ, բերում են նոր խմբերի ստեղծմանը: «Եթե մենք նայենք աշխարհի թատերական պատմությունը, կտեսնենք, որ դա միշտ այդպես է եղել: Օրինակ` Ստանիսլավսկին ու Վախթանգովը իրենց ժամանակին բերեցին նոր գաղափարներ ու ստեղծեցին նոր թատերական խմբեր: Մեզանում խնդիրը նրանում է, թե ինչպես անել, որ այդ խմբերը ստեղծվեն, որ նրանք կարողանան բնականոն կյանք ապրել, որ նրանք, որոնք վաղուց մահացել են, իսկապես մահանան: Իսկ մահանալ նշանակում է, որ այս թատերական օրգանիզմը այլեւս չի շնչում, այդ նույն մարդիկ կարող են ուրիշ տեղում, ուրիշ դասավորության մեջ էլի ստեղծագործել, բայց դասավորությունը պետք է փոխել, ոչ թե պահել զուտ նրա համար, որ նրանք հայտնի անուններ են կամ չի կարելի նրանց տեղաշարժել»,- ընդգծեց ռեժիսորը: Ըստ Ռ.Բաբայանի, եթե դերասանն այլեւ չի զբաղվում այսօրվա օրով, չի մտածում վաղվա մասին, երբ նա հիշում է միայն երեկվա օրը, երբ նոր գաղափար ու նոր միտք ծնելու ցանկություն այլեւս չունի, այդ հարցը պետք է լուծում ստանա: «Կա հաստիքով դերասան: Ինչ պետք է անես նրա հետ, եթե նա վաղուց արդեն «մեռած» է եւ թոշակի տարիքն էլ չի հասել: Հենց այստեղ է, որ այսօրվա պետական թատրոնի կառուցվածքը խանգարում է խնդրի լուծմանը»,- գտնում է Ռ.Բաբայանը: Նոր ստեղծվող թատերախմբերին եւ երիտասարդ ռեժիսորներին աջակցելու ձեւերից մեկը Հայաստանում ազատ բեմի առկայության խնդիրն է: Այն հնարավորություն կտա ներկայանալու բոլոր նրանց, ովքեր ասելիք ունեն թատրոնում: «Գուցե 10 նոր բեմադրությունից 9-ը անհաջող լինի, սակայն մեկի հաջողությունը լիովին կարդարացնի 9-ի տապալումը: Պետության խնդիրն է աշխատելու եւ ստեղծագործելու հնարավորություններ ստեղծել նրանց համար»,- համոզված է Ռ.Բաբայանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play