ՌՈՒԲԷՆ ԲԱԲԱՅԵԱՆ. ԱԶԱՏ ԲԵՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ<br /> ՆՈՐ ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ<br />


ՌՈՒԲԷՆ ԲԱԲԱՅԵԱՆ. ԱԶԱՏ ԲԵՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ
ՆՈՐ ԹԱՏԵՐԱԽՄԲԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ

  • 27-11-2007 18:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանեան թատրոնն այն հազուագիւտ կառոյցներից է, ուր կազմակերպչական եւ ղեկավարման տեսակետից որեւէ բան այս 15 տարուայ ընթացքում գրեթէ չի փոխվել: Այսպիսի կարծիք յայտնեց Երեւանի Հովհ. Թումանյանի անուան տիկնիկային թատրոնի գեղարուեստական ղեկավար Ռուբէն Բաբայեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում: Թատրոնի գեղարուեստական ղեկավարը համոզուած է, որ ղեկավարման կարծրացած ձեւերը ռեֆորմների կարիք ունեն, եւ անհրաժեշտ է որոնել ու գտնել բարեփոխումների ամենաարդիւնաւէտ եւ օպտիմալ ճանապարհը: Ռ.Բաբայեանի խօսքերով, թատերական կեանքը կարիք ունի նոր ծնունդի ու զարգացման, քանի որ դա է բնական պրոցեսը. «թատերական խմբերը պէտք է ծնվեն, զարգանան եւ կարողանան բնական կեանքով մահանալ»: Իսկ նոր թատերական գաղափարները, նրա համոզմամբ, բերում են նոր խմբերի ստեղծմանը: «Եթէ մենք նայենք աշխարհի թատերական պատմութիւնը, կտեսնենք, որ դա միշտ այդպէս է եղել: Օրինակ` Ստանիսլավսկին ու Վախթանգովը իրենց ժամանակին բերեցին նոր գաղափարներ ու ստեղծեցին նոր թատերական խմբեր: Մեզանում խնդիրը նրանում է, թէ ինչպէս անել, որ այդ խմբերը ստեղծուեն, որ նրանք կարողանան բնականոն կեանք ապրել, որ նրանք, որոնք վաղուց մահացել են, իսկապէս մահանան: Իսկ մահանալ նշանակում է, որ այս թատերական օրգանիզմը այլեւս չի շնչում, այդ նոյն մարդիկ կարող են ուրիշ տեղում, ուրիշ դասաւորութեան մէջ էլի ստեղծագործել, բայց դասաւորութիւնը պէտք է փոխել, ոչ թէ պահել զուտ նրա համար, որ նրանք յայտնի անուններ են կամ չի կարելի նրանց տեղաշարժել»,- ընդգծեց ռեժիսորը: Ըստ Ռ.Բաբայեանի, եթէ դերասանն այլեւ չի զբաղւում այսօրուայ օրով, չի մտածում վաղուայ մասին, երբ նա յիշում է միայն երեկվա օրը, երբ նոր գաղափար ու նոր միտք ծնելու ցանկութիւն այլեւս չունի, այդ հարցը պէտք է լուծում ստանայ: «Կայ հաստիքով դերասան: Ինչ պէտք է անես նրա հետ, եթէ նա վաղուց արդէն «մեռած» է եւ թոշակի տարիքն էլ չի հասել: Հենց այստեղ է, որ այսօրուայ պետական թատրոնի կառուցուածքը խանգարում է խնդրի լուծմանը»,- գտնում է Ռ.Բաբայեանը: Նոր ստեղծւող թատերախմբերին եւ երիտասարդ ռեժիսորներին աջակցելու ձեւերից մէկը Հայաստանում ազատ բեմի առկայութեան խնդիրն է: Այն հնարաւորութիւն կտայ ներկայանալու բոլոր նրանց, ովքեր ասելիք ունեն թատրոնում: «Գուցէ 10 նոր բեմադրութիւնից 9-ը անյաջող լինի, սակայն մէկի յաջողութիյունը լիովին կարդարացնի 9-ի տապալումը: Պետութեան խնդիրն է աշխատելու եւ ստեղծագործելու հնարաւորութիւններ ստեղծել նրանց համար»,- համոզուած է Ռ.Բաբայեանը:
  -   Մշակոյթ