ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ, ԱՅՍՕՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ<br /> ԴՊՐՈՑԸ ՆԱՀԱՆՋ ԵՆ ԱՊՐՈՒՄ<br />


ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ, ԱՅՍՕՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ
ԴՊՐՈՑԸ ՆԱՀԱՆՋ ԵՆ ԱՊՐՈՒՄ

  • 30-06-2004 17:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Եւ Սփյուռքի գրողների մասնակցությամբ հունիսի 30-ին Հայաստանում անցկացվող Գրողների համահայկական համաժողովի շրջանակներում կայացավ «Ազգային դպրոց եւ ազգային գրականություն» գիտաժողովը: Ինչպես իր զեկույցում նշեց արձակագիր Պեպո Սիմոնյանը, այսօր արժեզրկված են գրականության, մշակույթի ավանդական հասկացությունները. դրանք փոխարինված են նոր արժեքներով: Ըստ նրա, գրականությունն ու դպրոցը հայրենի հողի եւ Սփյուռքի տարածքում տագնապ են ապրում, իսկ հայոց լեզվի եւ գրականության անկումը մահացու վտանգ է նաեւ ազգային գրականության զարգացման համար: «Հայ ժողովուրդը գրով եւ մշակույթով է կերտել իր ազգային նկարագիրը, սակայն Սփյուռքում օրեցօր պակասում է հայերեն լեզվով գիրք ընթերցողների թիվը»,- նշեց նա: Ըստ Պեպո Սիմոնյանի, գեղագիտական դաստիարակությունը առաջին հերթին պետք է սկսվի մանկությունից: Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակը կարելի է լուծել մանկական գրքերի տպագրման եւ տարածման միջոցով: Գրականագետ Գառնիկ Անանյանի գնահատմամբ, ազգային դպրոցի եւ հայեցի կրթության բաղադրիչներից է ուսուցումը մայրենի լեզվով կազմակերպելը, սակայն նոր դարաշրջանում վերակենդանացել են օտար լեզուների թեքումներով դպրոցները, այդ պատճառով էլ հայոց լեզվի ուսուցումը դպրոցներում ցածր մակարդակի վրա է, իսկ հայ գրականությունը «խորթ բարեկամի կամ անկոչ հյուրի վիճակում է գտնվում դպրոցներում»: Ըստ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի, Սփյուռքի եւ հայրենիքի առջեւ կանգնած են հիմնարար խնդիրներ կրթամշակութային դաշտում, որը Գրողների համահայկական երկրոդ համաժողովի կարեւոր հարցուդրումներից է: «Այսօր գրականությունը եւ դպրոցը նահանջ են ապրում. աշակերտը գիրք չի կարդում, ստեղծված գրականությունը չի գտնում իր ընթերցողին, քանի որ հասարակությունը դադարել է ապրել հոգեւոր արժեքներով»,- նշեց նա: Ս. Դանիելյանը նաեւ ընդգծեց, որ արեւելահայ եւ արեւմտահայ հատվածների միջեւ չկա փոխըմբռման, հասկացողության եւ ճանաչողության դաշտ, եւ Հայաստանում արեւմտահայ գրական արժեքների հանդեպ անտարբերություն է նկատվում: «Կարծում եմ, եթե այսօր մեկտեղվել ենք, ուրեմն ունենք խնդիրներ, որը միասնաբար պետք է լուծենք»,- ավելացրեց Սուրեն Դանիելյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play